ի պաշտպանություն և ընդդեմ Նունե Եսայանի


Լավ գիտակցելով հարցի նրբությունն ու կարևորությունը,  տաք գլխով եզրակացություններ չանելու մտավախությամբ՝ որոշեցի չշտապել խոսել այս թեմայով, այլ սպասել մի փոքր, վերլուծել, թե ի վերջո ի՞նչ է ասել Նունե Եսայանը, որն այդպես ագրեսիվ ընդունեց հայության մի զգալի մասը (այդ թվում և ես): Նորություն չէ, որ սիրում ենք ամեն բան մի փոքր չափազանցնել, ձևափոխել մեզ համար հարմար ուղղությամբ՝ գրվածքին էլ ավելի սկանդալային նրբերանգ տալու նկատառումներով: Ահա այսպիսի մի փորձի էլ ականատես եղա երեկ՝ կարդալով հետևյալ տողերը. «Այո, սահմանը քաղաքական նկատառումներով փակ է, բայց մեր սրտերն են բաց: Հայերը Ցեղասպանությունից մնացած մեծ սպիներ ունեն, սակայն դա մեզ չի խանգարում նայել ապագային:» Իհարկե, ցանկացած հայ կզայրանա (առնվազն)՝ կարդալով նման տողեր, ցանկացածն էլ հարց կտա. «ի՞նչ լիազորություններով ես խոսում բոլորիս անունից հարգելի Նունե, չէ՞ որ եթե քո սիրտը բաց է թուրքի առաջ, ապա կան քեզ պես շատ ու շատ հայեր, որոնք չեն կարող սիրտը բաց անել իրենց պապերին կոտորողի առաջ»: Այս հարցը կտային շատերը, տվեցի և ես.. ԲԱՅՑ.. կա մի բայց, որը մեղմում է առաջին պահի պոռթկումը: Եկեք վերցնենք ոչ թե այն հատվածը, որը մեզ հրամցրել էին, այլ Նունեի միտքն ամբողջությամբ: Եվ այսպես,  Նունե Եսայանն ասել է.  «երաժշտությունը սահմաններ չի ճանաչում. Քաղաքական սահմանները փակ են, այո՛, բայց մեր սրտերը բաց են»: Այսինքն՝ նա շեշտում է, որ խոսքը վերաբերվում է թուրքական երաժշտությանը: Հիմա կասեք ի՞նչ տարբերություն: Տարբերությունը նրանում է, որ Նունե Եսայանը սուտ չի խոսել.. Առարկու՞մ եք: Առաջարկում եմ մեկ օր շրջել Երևանի փողոցներով, նստել երթուղային կամ լսել, թե ինչ երաժշտություն է հնչում ավտոմեքենաների բաց պատուհաններից.. ինքներդ էլ կհամոզվեք, որ մեր սրտերն իրոք բաց են թուրքական երաժշտության առաջ.. Հիմա չեմ վիճարկում, ճանաչում է երաժշտությունը սահմաններ, թե՞ ոչ (եթե դա վերաբերվում է թուրքական երաժշտությանը), հիմա ասում եմ այն, ինչ կա իրականում: Ձեզանից քանի՞սը չեն պարել թուրքական մեղեդիների տակ, քանի՞սը մի լավ քեֆ չեն արել «Սև-սև աչերի», Թաթուլի, Բղդոյի և մնացած կիսաթուրքական, կիսառաբիզ  կիսաերգերի հնչյունների ներքո .. դե, երևի մի քանիը: Ինչևէ, սա թողնենք..

Անցնենք հաջորդ մեղադրանքին, որն առաջադրվում էր Նունե Եսայանին՝ զանազան մեկնաբանություններում: Մոտավորապես այսպիսին էր մեղադրնքը. «Ո՞նց կարող էիր գնալ և երգել մեր պապերի ոսկորների վրա՝  թուրքի համար»: Սա ասողը երևի մոռանում է, որ այսօր Ստամբուլում ապրում է բազմահազար բնակիչ ունեցող հայ համայնք, և որ  համերգին հենց այդ համայնքն էր լինելու հիմնական հանդիսատեսը..  երևի չգիտի, որ ժամանակին Հրանտ Դինքի մեծ ցանկությունն է եղել տեսնել Նունեին Ստամբուլում: Ինչևէ, սա էլ թողնենք:

Նունե Եսայանը նաև խոսել է հնարավոր համատեղ համերգի մասին, որը կարող էր կայանալ իր և մի թուրք երգչուհու մասնակցությամբ, բայց ըստ Նունեի, նա մերժել է առաջարկը, քանի որ , մեջբերում եմ նրա խոսքերը. «Իհարկե, ես կցանկանայի մասնակցել նման համերգի, բայց ինչո՞ւ հրեական համայնքը պետք է միջնորդ հանդիսանա երկու հարևան երկրների` Հայաստանի և Թուրքիայի միջև: Դա ինձ համար անընդունելի էր: Ես կարծում եմ, որ մենք միջնորդների կարիք չունենք»:  

Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ անընդունելի է համատեղ համերգը մինչև այն պահը, քանի դեռ մենք ունենք ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման խնդիր, ուստի Նունեի այն պատճառաբանությունը, թե ինքը չի մասնակցի նման համերգի զուտ այն պատճառով, որ որպես միջնորդ է հանդիսանում հրեական համայնքը, համարում եմ անընդունելի: Անընդունելի եմ համարում նաև այն միտքը, թե մենք պիտի նայենք առաջ՝ դեպի ապագան՝ հարաբերությունները բարելավվելով թուրքիայի հետ: Մինչ առաջ նայելը՝ մենք դեռևս ետևում չլուծված խնդիր ունենք, որը մեզ անշուշտ խանգարում է նայել ապագային.. Առանց անցյալի ապագա չի լինում:

Հ.Գ. Ինքս չեմ հանդիսանում Նունե Եսայանի երկրպագուն և անձնական որևէ կապ չունեմ նրա հետ, բայց  առաջարկում եմ  նրան քարկոծելուց, առավել ևս անվայելուչ արտահայտություններ թույլ տալուց առաջ՝մի պահ կանգ առնել և վերլուծել: Իսկ մինչ վերլուծում եք, վայելեք նրա կատարումը. 🙂

http://www.youtube.com/watch?v=1RI76nGztXE

Оставьте комментарий