Ամանորի իմ գաղտնիքը (շարադրություն)

Ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին,
Մինչև լույսերը հանգան , և ձայները լռեցին,
Ու հանկարծ գիշերվա մեջ ինչ-որ բան զրնգաց,
Խենթի պես պարելով փաթիլներն իջան ցած…
1086

Այն հեքիաթային պահին, երբ երկինքը դարձավ մանուշակագույն, ու սկսվեցին թափվել փոքրիկ ադամանդիկներ՝ ես պատուհանի առաջ կանգնած հիանում էի սառցե բյուրեղիկների գեղեցիկ նախշերով: Բայց ինչպե՞ս կարող է իմ տարիքի արկածախնդիր տղան բավարարվել հրաշքը միայն դիտելով, անհրաժեշտ էր մասնակից դառնալ այդ ամենին: Եվ ես գործի անցա. թաքուն հագա իմ տաք վերարկուն , վերցրեցի ձեռնոցներս և աննկատ դուրս եկա տնից այն պահին, երբ մայրիկս զբաղված էր տոնական սեղանի վրա խորտիկներ դասավորելով, իսկ քույրերս՝ տոնածառով հիանալով: ես արդեն հրաշքի մի մասնիկն եմ: Աննկարագրելի հաճույք է քայլել սավանի պես սպիտակ ձյան այն հատվածներով, որոնցով դեռ ոչ ոք չի քայլել. Խըռթ, խըռթ, խըռթ… լսում եմ սեփական ոտնաձայներս: Շուրջբոլորս սպիտակափայլ գիշեր է, ոչ մի շշուկ: Ձյան վրա նկատում եմ ոտնահետքեր, որոնք իմը չեն. ՞՞Հմ.. Երևում է ինչ-որ մեկը նույնպես ինձ նման սիրում է քայլել այն հատվածներով, որտեղով դեռ ոչ ոք չի քայլել՞՞, մտքերով ընկած քայլում եմ ես և հանկարծ ինձանից մի քանի քայլ հեռու նկատում մի ծերուկի.
-ծերու՜կ., -ձայն եմ տալիս ոգևորված,
-մի՞թե դու էլ մոլորվել ես, փոքրիկ., — ինձ տեսնելուց ուրախացած ետ է շրջվում ծերուկը
-ոչ, չեմ մոլորվել.. ես.. ես պարզապես սիրում եմ ձյունը: Կգա՞ս ձնագնդի խաղանք,
-կներես տղա, ես ժամանակ չունեմ, կորցրել եմ իմ պարկը և տոնական հագուստները, — հուսահատված պատասխանում է ծերուկը,- պետք է անպայման գտնել դրանք:
Եվ քայլում ենք ես ու ծերուկը՝ տեղ-տեղ խախտելով ձյան համընդհանուր սպիտակությունը: Փողոցային լապտերներից լուսավորված ձյունը էլ ավելի հրաշափայլ է փռվում մեր ճանապարհին: ձյան խոշոր փաթիլները դիպչում են այտերիս և հալչում անմիջապես; Հանկարծ մաքրամաքուր սպիտակի մեջ նկատում եմ կարմիր գույն: Մոտենում եմ և վեր բարձրացնում ձյան նոր շերտի տակ թաքնված մի պարկ: Ծերուկը աներևակայելի ուրախացած արագ հագնում է իր հանդերձանքը և ուսին է գցում պարկը: Իսկ ես երջանիկ եմ ; Չէ՞ որ իմ առաջ կանգնած է հենց ինքը՝ Ձմեռ պապը: Նա շնորհակալություն է հայտնում ինձ օգնության համար , իսկ հետո շտապում է երեխաներին հասցնելու իրենց նվերները, չէ՞ որ շուտով Նոր տարի է: Ես հեքիաթից դեռ չարթնացած տուն եմ վազում : Բայց քույրերիս չեմ պատմի այն ամենի մասին, ինչ տեսա: Նրանք ինձ չեն հավատա: Նրան արդեն մեծ են, նրանք չեն հավատում Ձմեռ պապիկին: Իսկ ես նրան տեսա 

Հայաստանի աշխարհագրության դասագրքի մասին

9-րդ դասարանի <<Հայաստանի աշխարհագրություն>> դասագրքից անհետացել է ՀՀ բնակչության առավելագույն թիվը.. իհարկե ես ընդունում եմ, որ պետք չէ միանգամից երեխաներին ներկայացնել մեր երկրի կատաստրոֆիկ ծանր ու թշվառ վիճակը, բայց պետք էլ չի երեխաների մոտ պատրանքներ ստեղծել, ի վերջո դրանք դատապարտված են խորտակվելու: Եվ այսպես, ըստ դասագրքի ՀՀ բնակչության թիվը կազմում է 3.02 մլն մարդ (2011թ. մարդահամարի տվյալներով), բնական աճը՝ 4-5 պրոմիլ (0.4-0.5%) է: Բայց ամենաանհասկանալին այն է, թե ինչու՞ դասագրքում չի նշվում, թե ո՞ր թվականին է գրանցվել ՀՀ բնակչության առավելագույն թիվը և որքա՞ն է այն կազմել: Կարծում եմ դա շատ կարևոր ցուցանիշ է, և անհրաժեշտ էր նշել, որ մեր հանրապետությունում բնակչության թիվն իր գագաթնակետին է հասել 1998 թ-ին՝ կազմելով 3.8 մլն մարդ: Դասագրքում շատ նուրբ կերպով ջնջված-մաքրված է այդ տվյալը , և ըստ դիագրամի՝ մեր բնակչության առավելագույն թիվը գրանցվել է 1989թ-ին՝ կազմելով 3.3 մլն մարդ: 89թ-ից հետո պետք է նշվեր 98թ-ի ցուցանիշը, բայց հեղինակները որոշել են այն շրջանցել և նշել են 2001թ-ի ցուցանիշը՝ 3.2 մլն մարդ: Թվում է թե նորմալ է… Նոր անկախացած պետություն, պատերազմ, երկրաշարժ , արտագաղթ, բնակչության կենսամակարդակի կտրուկ վատթարացում, որի արդյունքում մոտ 20 տարվա ընթացքում բնակչությունը նվազել է ընդամենը 100000 մարդով: Իսկ ու՞ր է կորել 1998թ-ի 3.8 մլն-ը՝ ոչ ոք չգիտի: ՀՀ-ում կյանքի միջին տևողությունը 74.2 տարի է (կանանց մոտ՝ 77.5 տարի, տղամարդկանց՝ 70.7 տարի): Տնտեսապես ակտիվ մշտական բնակչության (1.4 մլն մարդ) 80.5%-ը կազմում են զբաղվածները , իսկ ընդամենը 19.5%-ը՝ գործազուրկները: Ինչ խոսք, հիանալի կլիներ:

10513495_322081971312192_3969451808953640563_n 10689466_322081934645529_6183633420280983627_n

Կրթական համակարգի նորարարությունը` էլեկտրոնային մատյաններ

Արդեն երկրորդ տարին է, ինչ ուսուցիչների առաջ նոր խնդիր է դրված. այսպես կոչված էլեկտրոնային մատյաններ: Գեղեցիկ է հնչում, չէ՞  որ 21-րդ դարն է` տեխնոլոգիաների դարը: Գաղտնիք չէ, որ մեր կրթության ոլորտը դարձված է մի մեծ  լաբորատորիա, որտեղ   կատարվում են զանազան փորձեր` առանց նախապես մտածելու դրանց հետևանքների մասին… Ահա այսպես տարիներ առաջ մեզ պարտադրեցին Բոլոնյան համակարգը` իր խաչուփաչային տրամաբանությամբ, որտեղ աշակերտը գնահատվում է ոչ թե ունեցած գիտելիքների, այլ`  դրած խաչուկ-թռչնակների հաշվարկով, որը շատ հաճախ կարող է հիմնված լինել պատահականության վրա: Այսպես պատահականորեն էլ աշակերտները ավարտում են դպրոցը, վարժեցված խաչ-փաչերով ընդունվում ԲՈՒՀ-եր և դառնում վարժեցված մասնագետներ…

Ինչևէ..  վերադառնանք էլեկտրոնային մատյաններին: Ինչ խոսք, հրաշալի գաղափար է. հարթակ, որտեղից յուրաքանչյուր ծնող կարող է տեղեկանալ իր երեխայի գնահատականների և ընդհանուր առաջադիմության մասին: Անտեսենք այն փաստը, որ dasaran.am  կայքը գրեթե ռուսական օդնոկլասսնիկին է, որտեղ ամեն երեխա կարող է ունենալ մեկից ավելի պրոֆիլներ, գրել լատինատառ և այլն: Խոսենք էլ. մատյանների տեխնիկական կողմի մասին: Օրեր առաջ դպրոցները նկատողությունների մի մեծ ցուցակ են ստացել այն ուսուցիչների անուններով, ովքեր ուշացրել են գնահատականների անցկացումը  էլ. մատյաններ: Տեղին կհամարեի նկատողությունը, եթե նրանք, ովքեր պահանջում են, նույնպես իրենց գործը կատարեին առանց թերացումների; Մինչդեռ dasaran.am կայքը լի է թերություններով; Առաջին հերթինխոսքը  վերաբերվում է կայքի չափազանց դանդաղ աշխատելուն, հաճախ էլ, ինչպես այս պահին, բացարձակորեն չաշխատելուն: Արդեն մոտ մեկ ժամ է, փորձում եմ գնահատականներ անցկացնել մատյան, կայքն անհասանելի է… մինչդեռ եթե փորձեմ գնահատականներն անցկացնել 24:00-ից հետո` թվանշանների գույնը ավտոմատ կերպով կփոխվի. չէ՞ որ թերացել եմ իմ աշխատանքում, գնահատականները մեկ օր ուշ եմ տեղադրել. ում՞ մեղքով` անհայտ է…

Անտեսենք նաև  այն փաստը, որ այժմ ուսուցիչները ստիպված են երեք տարբեր մատյաններ վարել. դասամատյան, էլ. մատյան և իհարկե անձնական մատյան, որտեղ դասամատյաններից արտագրվում են գնահատականները , որպեսզի հետո էլ դրանք արտատպվեն էլ. մատյաններում: Հարց է ծագում, թե ո՞րն է դասամատյանները պահպանելու իմաստը, եթե կա դրա առավել զարգացած`էլեկտրոնային տարբերակը: Բնականաբար սրա մասին չեն մտածել լաբորատոր փորձարկումներ կատարողները, այլապես ամեն դասարանի համար մեկական պլանշետ կհատկացնեին, որտեղ հենց դասի ընթացքում կանցկացվեին գնահատականները. այսինքն դա կծառայեր որպես սովորական դասամատյան` էլեկտրոնային տարբերակով: Բնական է, մենք չենք կարող մեզ նման ճոխություն թույլ տալ, չէ՞ որ զարգացող երկիր ենք: Մենք միայն կարող ենք զարգացած  երկրներից վերցնել ձևը, բովանդակությունը կարևր չէ: Կարևոր չէ, որ զարգացած երկրները այդ համակարգով աշխատելուց առաջ նախապես ապահովել են  դասասենյակները բոլոր անհրաժեշտ պարագաներով:

Չեմ հասկանում նաև աշակերտներին օրագրեր պարտադրելու նպատակը, չէ՞ որ ինչին որ ծառայում էր օրագիրը, այժմ ծառայում է էլեկտրոնային մատյանը:

Թեման անսպառ է և բազմաշերտ, տարբեր ասպեկտներով վերլուծության ենթակա, ուստի մեկ գրառումով չափազանց ծավալուն կստացվեր: Dasaran.am կայքի, էլեկտրոնային մատյանների մյուս առավելություններն ու թերությունները կքննարկեմ հաջորդ գրառումներում :

Այն ուսուցիչներն ու ծնողները, ովքեր ունեն ասվածին լրացում կամ առարկություն, խնդրում եմ իրենց կարծքիները հայտնեն մեկնաբանություններում: Նախապես շնորհակալություն 🙂

Անտեսված հրաշք

Это слайд-шоу требует JavaScript.

Նկարները, որոնք հիմա կներկայացնեմ, չնչին մասնիկն են այն ամենի, ինչը կտեսնեք, եթե այցելեք Արարատի մարզ, գյուղ Շահումյան: Ամբողջը իր ձեռքերով հավաքել ու կառուցել է ազատամարտիկ Գրիգոր Ասլանյանը: ՙԵս գեղեցկություն չեմ ստեղծել. այլ ընդամենը հեռացրել եմ գեղեցիկին խանգարող բոլոր ավելորդ բաները» , համեստորեն նշում է Գրիգորը: Մինչդեռ ոչ միայն արարել է գեղեցիկը, այլ սովորական մի աղբանոցը վեր է ածել հեքիաթային մի աշխարհի, որտեղ կարելի է գտնել Հայոց պատմության բոլոր շրջաններին հատուկ գտածոներ` հեթանոսական հետքերից մինչև քրիստոնեություն, Արտաշատ հնագույն քաղաքից մինչև մեր օրեր:
Իսկ թե ինչու անտեսված… լռում եմ:
20131007_150209
20131007_150716
20131007_151107
20131007_153316
20131007_150832
20131007_150819
20131007_150749
20131007_145851
20131007_150743
20131007_150735
20131007_150725
20131007_150716
20131007_163455
20131007_155141
20131007_145647
20131007_145904

Այնքան գեղեցիկ է սևն ու սպիտակը` դպրոցի բակում

Վաղը հանրապետության բոլոր դպրոցներում կմեկնարկի նոր ուսումնական տարին` իր ետևում թողնելով ամառային արձակուրդները: Ինչպես ցանկացած նոր ուսումնական տարին մեկնարկելիս` այս տարի նույնպես ուսուցիչները միմյանց կշնորհավորեն նոր ուսումնական տարի սկսելու կապակցությամբ, կմաղթեն ստեղծագործական և մանկավարժական նորանոր հաջողություններ, համբերություն և ուժ: Գործընթացն ինձ ծանոթ է. արդեն 5-րդ սեպտեմբերն եմ տոնում` որպես ուսուցչուհի: Ամեն սեպտեմբեր իր հետ բերում է ինչպես նախորդ` անկատար երազանքների իրականացման հույսեր, այնպես էլ նոր մտահղացումներ ու ցանկություններ: Իսկ մենք այնքան էլ շատ բան չենք երազում. մաքուր ու գեղեցիկ դպրոց, ուսուցման ժամանակակից մեթոդներին ու հնարներին համապատասխանող կահավորմամբ դասասենյակներ, գրագետ, գիտատարության ու մատչելիության սկզբունքով շարադրված դասագրքեր (որոնք ռուսերենից անգրագետ թարգմանություններ չեն պարունակի) և ամենակարևորը` աշխատասեր ու խելացի աշակերտներ 🙂 Ցանկանում ենք, որ բոլոր դասագրքերն ու կից պարագաները աշակերտներին տրամադրվեն անվճար: Բայց ինչ ունենք իրականում? Պատկերն այնքան էլ հուսադրող չէ: Ունենք կիսամյակում առնվազն 2 թեմատիկ և 2 գործնական աշխատանքներ հանձնարարելու պարտավորություն և միաժամանակ աշակերտներին տետրեր գնել չպարտադրելու խիստ հրաման (պարադոքս): Ինչպես վարվել? անհայտ է… Այդ դեպքում ինչու են արտադրվում տետրերն առհասարակ? Խնդիրները թողնենք մեզ` ուսուցիչներիս…
byYP45UdHGcFxz3MNd9BuWW6cr
Այնքան գեղեցիկ է սևն ու սպիտակը` դպրոցի բակում: Հրաշք տեսարան է, երբ մի քանի ամիս տևած լռությունից հետո բակը նորից լցվում է այս ու այն կողմ վազվզող երեխանորով և իրենց արդեն մեծիկ կարծող պատանիներով: Կրկնակի անգամ հաճելի է դպրոցում տեսնել նաև ծնողներին:
ՍԻՐԵԼԻ ԾՆՈՂՆԵՐ, դպրոցը երեխաներին կրթելու համար է նախատեսված, թանկարժեք հագուստներով միմյանց հետ մրցելու հարթակ չէ: Հավատացեք, առանց ձեր աջակցության նույնիսկ ամենահմուտ մանակավարժը չի կարողանա իրականացնել այդ գործընթացը: Հիշեք. ցանկացած երեխա ներկայացնում է ձեզ` դպրոցում (երեխան ընտանիքի հայելին է): Հետևեք ձեր երեխաների կոկիկությանը, օգնեք դասերը պատրաստելիս: Ամեն առավոտ երեխային դպրոց ճանապարհելիս մտածեք .ՙՙայն, ինչ հագել է երեխաս, համապատասխանում է դպրոցին?՚՚ : Քավ լիցի, խոսքը չի վերաբերվում անպայմանորեն նոր, թանկարժեք հագուստին: Ոչ! Պարզապես չի կարելի բարձրակրունկ կոշիկներով, ներկած եղունգներով ու դիմահարդարմամբ, ռոքերային սանրվածքով ու շորտերով դպրոց գնալ: Դա ամենևին էլ ձեր երեխայի ինդիվիդուալության մասին չի խոսում. թող նա սպիտակ ագռավ լինի իր վարքով և կարդացած գրքերի ցանկով: Համոզված եղեք, նման տեսքով դպրոց հաճախող երեխան վերջին հերթին կմտածի ուսման մասին (եթե մտածի):
Հմ… էլի սկսեցի դասեր տալ ;ճ ներեցեք, բնավորության գիծ է 😀

Հ.Գ Մեծ ուրախությամբ պիտի հայտնեմ, որ այս տարի մենք վերջապես կունենանք վերանորոգված դպրոց! Հուսանք, որ մի օր էլ գեղեցիկ, մաքուր , վերանորոգված դասասենյակները կահավորված կլինեն արդիական դիդակտիկ պարագաներով:

Լռությունից հետո.. (վերնագիրը նյութի հետ համարյա կապ չունի)

Մի ժամ ման եկա, ոնց պիտի new post գրեմ, հետո էլ մի կես ժամ մտածում էի ոնց սկսեմ… մոռացել եմ ոնց էին բլոգգեր լինում ))) Հմ, երևի սկսեցինք հա? Հիշում եմ, ընդամենը մի 2 տարի առաջ բլոգգեր լինելը ահագին <հարգի> բան էր, նույնսիկ փողոցում քայլում էիր` ժպտում էին.. դու էլ էիր քեզ լավ զգում: հետո, ինչպես մեր երկրում  ամեն լավ բան , այնպես էլ բլոգոլորտը, Բլոգգեր հասկացությունը սկսեց արժեզրկվել: Յուրօրինակ ազգ ենք. բոլորս ուզում ենք առաջնորդել, բոլորս թելադրում ենք  (լավ ա, թե վատ?), մի տեղ աչքի ընկնենք. ինչ կուզես անենք. կուզես <բլոգգեր>  դառնանաք, կուզես` <ակծիվիստ>* :  է բայց չենք հասկանում, որ ամեն ստատուս գրող բլոգգեր չի**, ամեն ճվճվացող  ակտիվիստ չի: Ուղղակի հիմա էս երկուսով ամենահեշտն ա ճանաչվելը, մարդիկ կպել են սրանից; Տես, գնացիր , մի քիչ ճվացիր (կարևոր չի ինչ) , մի 2 հատ էլ ձեռքի հետ հայհոյանք, քաշել-մաշել, ու դու արդեն ոստիկանությունում ես : Ջաաան արքայություն! Հիմա ամբողջ ֆեյսբուքը քո մասին ստատուսներ ա գրելու, դու հերոս ես *** :  Մի խոսքով… սրա մասին չի, որ ուզում եմ խոսել` էսքան լռությունից հետո:

Հիմա էնպես ա ստացվում, որ դու վախենալով ես ստատուս գրում…. համ գրում, համ մտածում ես. <էս էլ չտանեն>: Բայց դե ոնց կարող են չտանել… լայքս լինի, իրանց ինչ, թե դու ստատուսը բաց ես տեղադրել, թե միայն ընկերներիդ համար; Չեն էլ հարցնում:  Առավել շնորհքովները տանելուց հետո գոնե կգրեն <շնորհակալությու>, մնացածի մոտ էդ էլ չկաաա: Մնում ա ասենք շնորհակալ ենք, որ ասում եք շնորհակալություն:

Ախր էսպիսին չէր է  կայքերի որակը: Ասում էինք հեռուստացույցից փախնենք, մտնենք կայքեր կարգին ինֆորմացիա ստանանք: Հիմա երկրորդը առաջինին գերազանցեց աղտոտվածության աստիճանով. օրինակ հեռուստացույցով չես լսի.   < Մարդկանց վիրավորելու 30 ոչ սովորական միջոց>, չես կարդա.  <Հերթական ֆոտոսեսիան. «Ռուսական աղջիկները անարգում են պատմական հուշարձանները» շարքից (Photo)>****, երևի հեռուստատեսության աշխատակիցները սրանցից մի քիչ ավելի խելացի կգտնվեն, չեն  ասի . <Ինչպե՞ս պարզել, որ աղջիկը կույս չէ>;  Հայ աղջիկը, նույնսիկ եթե նրա անունը վիկա է, չի կարող ցնցել, առավել ևս` ՊԱՅԹԵՑՆԵԼ  հեռուստատեսությունը: Սրանք մենակ կարում են զիբիլ կայքեր պայթեցնել, որովհետև դրանք առանց էդ էլ ՊԱՅԹԱԾ ԵՆ !

Բա մեկնաբանիչներըըըը, օօօօօօ, սա առանձին թեմա է ! էստեղ ամուր նյարդեր ու հումորի շատ մեծ զգացողություն ա պետք` չխելագարվելու համար: Դու ընդամենը ասել ես, որ զզվում ես ռաբիզից, ու իրանք կհարձակվեեեեն քո վրա: Մեկը կասի. yerevi dzer harsaniqnerin u cnundnerin Chaykovsku gracneric meki tak eq parum, amota amot, petq chi qnnadatel mi mardu, ov milionavor lsaran uni,****: Էն մեկը, ով ավելի կատաղած ա, կասի, < ov a es hodvac grox@? axjik jan inch es qez dzev tvel? voncor du amboxj or@ Daskaevski u Ayvazovski es lsum>:  Ու ոչ մեկին չի հետաքրքրում, որ դու դա գրել ես բացառապես քո ընկերների համար, միաժամանակ կարծիքդ չես պարտադրել իրեենց; Պարզապես  մի քանի խմբագիր որոշել են տարածել դա…..

վերջերս խոսում եմ ամենաընթերցված կայքերից մեկի գլխավոր խմբագրի հետ, ասում եմ X ջան,(սկզբում վատ կայք չէր է, կարելի էր լավ նյութեր գտնել:կարող ա հիմա էլ կան, ուղղակի թաղվում են աղբի մեջ, չեն երևում: Ես էլ աղբ քջջելու սովորություն չունեմ), հիմա ինչի եեսենց բաներ անում?) այ սա` <Մի՞թե աղջկա հետ մեկ անգամ քնելով լեսբուհի եմ դարձել (21+)> ձեր կայքը սարքում ա զիբիլ: Դուք նույնիսկ Սլաքին եք անցնում, հասկանում եք?  Ասում ա լավ բան գրեք, դա տանենք, սպանել եք բլոգոլորտը (երևի բլոգգերներին ի նկատի ունի, ինչի էր ինձ ասում ` չգիտեմ: Ես բլոգգեր չեմ); Ասում եմ էս կարգի <հոդվածներն> են սպանում բլոգոլորտը, ոչ մենք: ճիշտ եմ ասել???

Մի տեսակ պաշտպանված չենք մենք: Խոսքի ազատությունդ չես զգում, որովհետև ինչպես նշեցի` գրելուց արդեն վախենում ես. հանկարծ չտանեն?  Չես հասկանում, դու կարող ես պայքարել, որ չտանեն? կամ ընդհանրապես, իրավունք ունես պահանջելու, թե ոչ? ընդհանրապես, չի կարելի օրը 10 հոդված տեղադրել, բայց որակով, գրագետ, ոչ թե վիրավորելու ձևեր սովորեցնող, այլ ավելի բարձր արժեքների մարդկանց ուղղորդող…. քանակի վրա եք աշխատում, որակ չկա:

գրեցի-գրեցի, չգիտեմ էլ ինչը ասեցի, ինչ` մոռացա: Վերնագիր չունեմ, վերնագիր գրելն էլ եմ մոռացել…. հնարավոր է   էլի երկար լռեմ, դեռ չգիտեմ: Ինձ մի տեսակ Մհերի պես եմ զգում. դուռը փակել, դուրս չեմ գալիս…..

*ակծիվիստ- սա անշահախնդիր ՀՀ ակտիվ քաղաքացին չի; ուրիշ բան ա

** չասեք բա դու ինչ ես քեզ մեջ գցել?. ես էլ բլոգգեր չեմ

*** չմեկնաբանեք սա…. հաստատ գիտեմ, կան տենցները

**** ռուսական աղջիկս որն ա? էն որ օղուց հետո ա?

Հ.գ. գրածս հավես չկա կարդալուց, միանգամից տեղադրում եմ.. սխալ-մխալ բռնեք` ասեք ))))

Մեկ օր ՖԱՖ-ի հետ

…ու միևնույնն է, ինչքան էլ ֆան ակումբներ ձևավորվեն ու չձևավորվեն, ՖԱՖ-ն ուրիշ է, ՖԱՖ-ն առաջինն է, ՖԱՖ-ը միակն է, ՖԱՖ-ը հզոր է, ՖԱՖ-ը հաղթում է ! ՖԱՖ-ը հաղթում է նույնիսկ այն պահին, երբ հավաքականը պարտվում է: Հաղթում է իր անսպառ հավատով և անմնացորդ նվիրումով , <մենք միշտ ձեր կողքին ենք տղերք ջան> վանկարկումներով և երբեք չհիասթափվելու կարողությամբ:
ՖԱՖ-ը ուժ է, ՖԱՖ-ը ոգի է.. ՖԱՖ-ը բույր ունի, ունի կոլորիդ և պատմություն ունի:
…….
Առաջին անգամ եմ ՖԱՖ-ի հետ դիտելու խաղը: Ի±նչ պիտի անեմ: ինչպե՞ս ինձ պահեմ:  Չէ որ ՖԱՖ-ի անդամներին անձամբ չեմ ճանաչում և բացի այդ էլ,  առաջին անգամ եմ մարզադաշտ գնալու.. Ծիծաղելի վախ կա: <Սերոժ, հանկարծ մենակ չթողես, տես, միայն քեզ գիտեմ>, անդադար կրկնում եմ Սերոժին` ՖԱՖ-ի հիմնադիրներից մեկին, ով էլ ինձ տարիներ առաջ ծանոթացրել էր ՖԱՖ-ի գործունեությանը: Դրանք ժամանակներ էին, երբ հավաքականը ամենևին էլ այսօրվա հրաշալի խաղը չէր ցուցադրում, կիսադատարկ մարզադաշտի ու հայկական ֆուտբոլի հանդեպ թերհավատ տրամադրվածության տարիներ էին, երբ <հայկական ֆուտբոլ> արտահայտությունը մեծամասամբ ասոցացվում էր անեկդոտների, ծաղրանքի կամ քննադատության հետ: .. ու ստեղծվեց ՖԱՖ-ը, լցրեց մարզադաշտը իր ուրախ ու ոգենշչող վանկարկումներով. <Հա-յաս-տաաաան>.. դա պետք էր հավաքականին, հավաքականը ուներ հանդիսատեսի աջակցության կարիք,և ՖԱՖ-ը ստանձնեց այդ գործառույթը:
……….
Այնքան <համարձակ> եմ գտնվում, որ որոշում եմ ոչ միայն մարզադաշտում լինել ՖԱՖ-ի հետ, այլ նույնիսկ մասնակցել երթի, որը կազմակերպում են ՖԱՖ-ականները` յուրաքանչյուր հայաստանյան խաղից առաջ; Օպերայի բակում եմ արդեն: Շուրջս համատարած ֆուտբոլային իրարանցում է. հավաքականի հագուստներով երկրպագուներ, եռագույնով ներկված աղջիկներ, երգեր, վանկարկումներ, ոգևորության անչափելի մեծ ալիք ! ի ~նչ գեղեցիկ է ամեն բան կազմակերպված: Բայց ես դեռ դիտորդի դերում  եմ, դեռ ինձ օտար եմ զգում ընդհանուր թիմից, չէ՞  որ նորեկ եմ:
-Կուզե՞ս, քեզ էլ ներկեմ .
Անակնկալի եկած ետ եմ նայում և մի աղջնակի տեսնում` ներկերի պնակը ձեռքին:
-հա, եթե կարելի է, կներկե՞ս
Ուրախությունս անսահման է, նրանք ինձ ընդունեցին ! Նրանք շատ հյուրընկալ են, նրանք հրաշք են !!! Ես էլ արդեն բոլորի պես ներկված եմ եռագույնով, իսկ ՖԱՖ-ականներից մեկը ինձ շարֆ է նվիրում; ՎԵՐՋ ! ես էլ նորեկ չեմ, ես հիմա նրանցից մեկն եմ ! Երթը սկսում ենք, գիտենք, համոզված ենք, որ հաղթելու ենք Մալթային: Քաղաքը պարուրվում է մեր վանկարկումներով, բոլոր անցորդները վարակվում են մեր ոգևորությամբ, հիմա արդեն նրանք էլ են համոզված մեր հաղթանակում ..

Չենք էլ նկատում, թե ինչպես ենք կտրում –անցնում բավականին երկար ճանապարհը:  Արդեն մարզադաշտում ենք:  Հարավային տրիբունան իդեալական տարբերակ չէ  ՖԱՖ-ի համար. այստեղից ֆուտոլիստներին շատ դժվար է ճանաչելը, բայց ՖԱՖ-ի համար չկան առանձին ֆուտբոլիստներ, կա մեկ միասնական ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ,  որի համար էլ հիմա երգում է, երկրպագում ու առաջ մղում դեպի հաղթանակ:  <Հայեր, հայեր, հայեր հայեեեեեր, մենք հզոր ենք, մենք ուժեղ ենք, մենք այսօր պիտի հաղթենք!>:  Ընդամենը մեկ վայրկյան է տևում Մալթայի հավաքականի խփած գոլից հետո տիրող լռությունը, դրան հաջորդում է ավելի հախուռն երկրպագման ալիքը. <ինչ էլ որ լինի, ձեզ ենք երգելու, ձեզ ենք գովելու, երկրպագելու>: Դե, տղաներ, մենք գոլ ենք ուզում, գիտենք, որ կարող եք, դե… ինչ արագ է անցնում ժամանակը մարզադաշտում, չես էլ նկատում , որ արդեն խաղը վերջանում է, իսկ մենք… մենք դեռ գոլի ենք սպասում: <Հեեեեեն, դե մի գոլ էլի, ինչ կլինի, Հեեն> գրեթե շշնջալով խնդրում եմ Հենրիխ Մխիթարյանին` չգիտես ինչու համոզված լինելով, որ նա ինձ լսում է ! …

7464_605790562772984_1819877570_n

Խաղը վերջացավ:  Տխուր ենք, բայց չենք հիասթափվել;  Չկա խաղից առաջ տիրող ոգևորությունը, կա միայն զարմանք.  պատահականությու՞ն էր պարտությունը, վատ խաղի հետևա՞նք,  թե՞ մարզչական բացթողում, արդեն էական չէ: Առջևում Դանիայի հետ խաղն է, որին պետք է պատրաստվել, չէ՞   որ ՖԱՖ-ը պատրաստվում է իր փոքրիկ ներկայությունը ունենալ նաև արտագնա խաղում` համոզված լինելով, որ այս անգամ եռագույնն ու շարֆերը վեր է պարզելու` նշելով հաղթանակը:
.. ու կարևոր չի, որ հավաքականը պարտվեց, չէ՞  որ հաղթանակներ կլինեն, անպայման կլինեն ! Կլինի նաև ՖԱՖ-ը`  միշտ անսպառ հավատով ու անմնացորդ նվիրումով` հավաքականի կողքին կանգնած:
.. ու կարևոր չի, թե ՖԱՖ-ը որ սեկցիայում է. արևելյան , թե հարավային. նրա ձայնը լսելի է ֆուտբոլիստներին, նրա ձայնը ոգեշնչող է, նրա ձայնը նոր հաղթանակներ է պարտավորեցնում:

Լիլիթ Աբգարյանի բլոգը