Архив рубрики: ֆուտբոլ

Մեկ օր ՖԱՖ-ի հետ

…ու միևնույնն է, ինչքան էլ ֆան ակումբներ ձևավորվեն ու չձևավորվեն, ՖԱՖ-ն ուրիշ է, ՖԱՖ-ն առաջինն է, ՖԱՖ-ը միակն է, ՖԱՖ-ը հզոր է, ՖԱՖ-ը հաղթում է ! ՖԱՖ-ը հաղթում է նույնիսկ այն պահին, երբ հավաքականը պարտվում է: Հաղթում է իր անսպառ հավատով և անմնացորդ նվիրումով , <մենք միշտ ձեր կողքին ենք տղերք ջան> վանկարկումներով և երբեք չհիասթափվելու կարողությամբ:
ՖԱՖ-ը ուժ է, ՖԱՖ-ը ոգի է.. ՖԱՖ-ը բույր ունի, ունի կոլորիդ և պատմություն ունի:
…….
Առաջին անգամ եմ ՖԱՖ-ի հետ դիտելու խաղը: Ի±նչ պիտի անեմ: ինչպե՞ս ինձ պահեմ:  Չէ որ ՖԱՖ-ի անդամներին անձամբ չեմ ճանաչում և բացի այդ էլ,  առաջին անգամ եմ մարզադաշտ գնալու.. Ծիծաղելի վախ կա: <Սերոժ, հանկարծ մենակ չթողես, տես, միայն քեզ գիտեմ>, անդադար կրկնում եմ Սերոժին` ՖԱՖ-ի հիմնադիրներից մեկին, ով էլ ինձ տարիներ առաջ ծանոթացրել էր ՖԱՖ-ի գործունեությանը: Դրանք ժամանակներ էին, երբ հավաքականը ամենևին էլ այսօրվա հրաշալի խաղը չէր ցուցադրում, կիսադատարկ մարզադաշտի ու հայկական ֆուտբոլի հանդեպ թերհավատ տրամադրվածության տարիներ էին, երբ <հայկական ֆուտբոլ> արտահայտությունը մեծամասամբ ասոցացվում էր անեկդոտների, ծաղրանքի կամ քննադատության հետ: .. ու ստեղծվեց ՖԱՖ-ը, լցրեց մարզադաշտը իր ուրախ ու ոգենշչող վանկարկումներով. <Հա-յաս-տաաաան>.. դա պետք էր հավաքականին, հավաքականը ուներ հանդիսատեսի աջակցության կարիք,և ՖԱՖ-ը ստանձնեց այդ գործառույթը:
……….
Այնքան <համարձակ> եմ գտնվում, որ որոշում եմ ոչ միայն մարզադաշտում լինել ՖԱՖ-ի հետ, այլ նույնիսկ մասնակցել երթի, որը կազմակերպում են ՖԱՖ-ականները` յուրաքանչյուր հայաստանյան խաղից առաջ; Օպերայի բակում եմ արդեն: Շուրջս համատարած ֆուտբոլային իրարանցում է. հավաքականի հագուստներով երկրպագուներ, եռագույնով ներկված աղջիկներ, երգեր, վանկարկումներ, ոգևորության անչափելի մեծ ալիք ! ի ~նչ գեղեցիկ է ամեն բան կազմակերպված: Բայց ես դեռ դիտորդի դերում  եմ, դեռ ինձ օտար եմ զգում ընդհանուր թիմից, չէ՞  որ նորեկ եմ:
-Կուզե՞ս, քեզ էլ ներկեմ .
Անակնկալի եկած ետ եմ նայում և մի աղջնակի տեսնում` ներկերի պնակը ձեռքին:
-հա, եթե կարելի է, կներկե՞ս
Ուրախությունս անսահման է, նրանք ինձ ընդունեցին ! Նրանք շատ հյուրընկալ են, նրանք հրաշք են !!! Ես էլ արդեն բոլորի պես ներկված եմ եռագույնով, իսկ ՖԱՖ-ականներից մեկը ինձ շարֆ է նվիրում; ՎԵՐՋ ! ես էլ նորեկ չեմ, ես հիմա նրանցից մեկն եմ ! Երթը սկսում ենք, գիտենք, համոզված ենք, որ հաղթելու ենք Մալթային: Քաղաքը պարուրվում է մեր վանկարկումներով, բոլոր անցորդները վարակվում են մեր ոգևորությամբ, հիմա արդեն նրանք էլ են համոզված մեր հաղթանակում ..

Չենք էլ նկատում, թե ինչպես ենք կտրում –անցնում բավականին երկար ճանապարհը:  Արդեն մարզադաշտում ենք:  Հարավային տրիբունան իդեալական տարբերակ չէ  ՖԱՖ-ի համար. այստեղից ֆուտոլիստներին շատ դժվար է ճանաչելը, բայց ՖԱՖ-ի համար չկան առանձին ֆուտբոլիստներ, կա մեկ միասնական ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ,  որի համար էլ հիմա երգում է, երկրպագում ու առաջ մղում դեպի հաղթանակ:  <Հայեր, հայեր, հայեր հայեեեեեր, մենք հզոր ենք, մենք ուժեղ ենք, մենք այսօր պիտի հաղթենք!>:  Ընդամենը մեկ վայրկյան է տևում Մալթայի հավաքականի խփած գոլից հետո տիրող լռությունը, դրան հաջորդում է ավելի հախուռն երկրպագման ալիքը. <ինչ էլ որ լինի, ձեզ ենք երգելու, ձեզ ենք գովելու, երկրպագելու>: Դե, տղաներ, մենք գոլ ենք ուզում, գիտենք, որ կարող եք, դե… ինչ արագ է անցնում ժամանակը մարզադաշտում, չես էլ նկատում , որ արդեն խաղը վերջանում է, իսկ մենք… մենք դեռ գոլի ենք սպասում: <Հեեեեեն, դե մի գոլ էլի, ինչ կլինի, Հեեն> գրեթե շշնջալով խնդրում եմ Հենրիխ Մխիթարյանին` չգիտես ինչու համոզված լինելով, որ նա ինձ լսում է ! …

7464_605790562772984_1819877570_n

Խաղը վերջացավ:  Տխուր ենք, բայց չենք հիասթափվել;  Չկա խաղից առաջ տիրող ոգևորությունը, կա միայն զարմանք.  պատահականությու՞ն էր պարտությունը, վատ խաղի հետևա՞նք,  թե՞ մարզչական բացթողում, արդեն էական չէ: Առջևում Դանիայի հետ խաղն է, որին պետք է պատրաստվել, չէ՞   որ ՖԱՖ-ը պատրաստվում է իր փոքրիկ ներկայությունը ունենալ նաև արտագնա խաղում` համոզված լինելով, որ այս անգամ եռագույնն ու շարֆերը վեր է պարզելու` նշելով հաղթանակը:
.. ու կարևոր չի, որ հավաքականը պարտվեց, չէ՞  որ հաղթանակներ կլինեն, անպայման կլինեն ! Կլինի նաև ՖԱՖ-ը`  միշտ անսպառ հավատով ու անմնացորդ նվիրումով` հավաքականի կողքին կանգնած:
.. ու կարևոր չի, թե ՖԱՖ-ը որ սեկցիայում է. արևելյան , թե հարավային. նրա ձայնը լսելի է ֆուտբոլիստներին, նրա ձայնը ոգեշնչող է, նրա ձայնը նոր հաղթանակներ է պարտավորեցնում:

Սփյուռքահայ ֆուտբոլասերները բաց նամակ են հղում Արմենիա հեռուստաընկերությանը

Ինչպես արդեն հասկացել եք բազմաթիվ անոնսներից և գովազներից՝  այսուհետ Հայաստանի Ազգային հավաքականի խաղերը ցուցադրվելու են Արմենիա հեռուստաընկերության եթերում: Եթե մեզ՝ Հայաստանում ապրող երկրպագուներիս համար ոչ մի տարբերություն չկա, թե որ ալիքով ենք դիտելու խաղը, քանզի  մեկնաբանը չի փոխվել կարծես թե, ապա այս հանգամանքը մեծ դժգոհություն է առաջացրել սփյուռքում ապրող մեր ֆուտբոլասերների շրջանում: Բանը նրանում է, որ Արմենիա թիվին խաղերը չի հեռարձակելու արբանյակային ալիքով, բնականաբար՝ սփյուռքը չի կարողանա դիտել խաղերը, եթե չունի մյուս կողմի երկրի այն ալիքը, որը նույնպես ցուցադրում է այդ խաղը… Մի շարք ֆուտբոլասերներ բաց նամակ են հղել Արմենիա հեռուստաընկերությանը՝ խաղերը իրենց համար նույնպես հասանելի դարձնելու խնդրանքով: Ստորև տեղադրում եմ նամակը, որը սփյուռքահայ երիտասարդները ուղարկում են հեռուստաընկերության էլեկտրոնային հասցեին նույնպես.

«Հարգելի Արմենիա հեռուստաընկերություն Ձեզ ենք դիմում միլիոնավոր հեռուսդատիղոների անունից, ովքեր անհանգստացած են սեպտեմբերի 7-ին և 11-ին Մալթայի և Բուլղարիայի հետ մեր ազգային ընտրանու խաղերի հեռարձակման պատճառով: Մեր բազմաթիվ զանգերին ի պատասխան՝ դուք պատասխանել եք, որ ֆուտբոլը չի հեռարձակվելու արբանյակային կապով, հեռարձակում չի լինի ինչպես նաև ձեր կայքով, և դուք անհասանելի եք բազմաթիվ հայկական բնակավայրերում: Ինչու՞ եք օրական 100 անգամ գովազդում , թե ձեզ կարող են դիտել աշխարհի ցանկացած անկյունում, եթե բազմաթիվ ձեր հայրենակիցներ աշխարհի տարբեր կետերում չեն կարող դիտել մեր ազգային հավաքականի մասնակցությամբ խաղերը: Իսկ ահա համահայկական հիմնադրամի դրամահավաքը  թե արբանյակով, թե ինտերնետով հեռարձակվում է և Հայաստանում, և որ ամենակարևորն է այս դեպքում `  նաև Սփյուռքում՝ նույնիսկ մի քանի հեռուստաալիքներով: Եթե ձեզ է պատկանում խաղերի ցուցադրման իրավունքը, ապա խնդրում ենք տվեք մեզ հնարավորություն չկտրվելու այն տոնից, որը վերջին ժամանակներս մեզ է մատուցում մեր հայկական ֆուտբոլը, հասանելի դարձրեք այն թե արբանյակով, թե որակյալ ինտերնետ ցուցադրմամբ՝ ձեր կայքի միջոցով, ինչպես նաև Արցախում եվ հայկական այլ բնակավայրերում, հակառակ դեպքում ձեր ալիքը կանվանենք ոչ թե Արմենիա ՏՎ, այլ Սերիալ ՏՎ: Հարգանքներով ` բազմաթիվ ձեր հայրենակիցներ»:

Յուրա Մովսիսյանին և Օզիլին համեմատելը ամենամեծ անհեթեթությունն է

Ողջույն ընթերցող: Նախքան բուն գրառմանս  անցնելը մի բան եմ ուզում տեղեկացնել. ես Օզիլի երկրպագուն չեմ ու երբեք էլ չեմ եղել: Ես Հայաստանի Ազգային Հավաքականի, մեր բոլոր հայկական թիմերի, հետո նոր Ռեալ Մադրիդ ակումբի երկրպագուն եմ:

Հիմա մի թեմայի շուրջ պիտի զրուցենք (ինչու չէ, նաև բանավիճենք), բայց խնդրում եմ մի փոքր կմտածեք,  նոր կպատասխանեք: Էս թեման երկար ժամանակ էր խմորվում, քննարկվում, շահարկվում, բայց հարկ չէի համարում անդրադառնալ: Քանի որ ինչպես տեսնում եմ, գնալով ավելի լուրջ նրբերանգ է ստանում, այսօր մի փոքր ակնարկ կանեմ սրա մասին:  Համարում եմ առնվազն անհեթեթ  էն մարդկանց մտքերը, ովքեր էս տեսակ «վեհ» բառեր են գոռգոռում. «այ սուտի հայրենասերներ, տո դուք ի՞նչ հայրենասերներ, թուրքի լամուկին ե՞ք պաշտում: Տո որ դուք թասիբ ունենայիք, էլ ռեալ բալետ չէիք անի: Արա մեր Յուրային թողել, Օզիլին ե՞ք սիրում: Դուք թուրք եք»: Ուրեմ էս անկապ մտքի նախատիպը հնչեց մի քանի ամիս առաջ՝ «Ազատ գոտում», երբ Բարսայի մի ֆանատ հայտարարեց, որ հայը չի կարող Ռեալ երկրպագել, որովհետև էնտեղ Օզիլնա խաղում: Դե էս տղայի ասածը որպես զավեշտալի դեպք ընդունեցինք ու մի քիչ ծիծաղեցինք: Բայց հո չգիտեի՞նք, որ Բարսայի ֆաները սա լուրջ էին ընդունելու, ու որ դա գնալով իրենց մոտ խորանալու էր: Քանի որ արդեն ձանձրացա «Օզիլ vs Յուրա» նկարներ պատիս վրա տեսնելուց ու անիմաստ մեկնաբանություններ կարդալուց՝  հիմա կարճ կպատասխանեմ, հետո խոստանում եմ ավելի կմանրամասնեմ: Հուսով եմ ոչ մեկդ իմ հայրենասիրությունը չի շահարկի  (խոսքը ինձ ճանաչողներին է վերաբերվում):

Ես, որպես Ռեալ Մադրիդ ակումբի և ընդհանրապես ֆուտբոլի երկրպագու, պարզապես չեմ կարող չգնահատել Օզիլի խաղը, ի՞նչ, ազգի դավաճա՞ն եմ: Ժամանակին Բարսելոնայում խաղում էր թուրքիայի հավաքականի դարպասապահ Ռուշտուն: Հիմա ի՞նչ, դնենք հայտարարենք, որ բարսայի երկրպագուներով ազգի դավաճան ե՞ք: Ու սկսենք նրանից, որ Ռուշտուն խաղում էր թուրքիայի հավաքականում, իսկ Օզիլը՝ Գերմանիայի, Ռուշտուն թուրք է, օզիլը՝ քուրդ (էդպես են ասում, անձամբ չեմ էլ հետաքրքրվել), որը իրեն ամբողջությամբ գերմանացի է համարում: Բայց իհարկե , ես նման բան չեմ անի: Հիմա էն մի «մեղադրականին» պատասխանեմ, այն է՝ պաշտում եք թուրքի լամուկին: Չէ՜ հարգելիներս, ես երկրպագում եմ թիմին, այլ ոչ անհատական ֆուտբոլիստների: Եվ եթե նույնիսկ երկրպագում եմ ինչ-որ ֆուտբոլիստի, դա չի նշանակում, որ պաշտում եմ իր անձը, պարզապես ինձ դուր է գալիս նրա խաղաոճը: Ընդամենը: Իսկ օզիլին համեմատելը Յուրայի հետ՝ ամենամեծ անհեթեթությունն է:
Հիմա խոսեմ որպես Ազգային հավաքակաին երկրպագու: Հազար անգամ ասել եմ, էլի եմ կրկնում, առաջնահերթը բոլորիս համար էլ մեր հավաքականն է, բոլոր աստղերից ավելի սիրելի մեզ համար մեր հավաքականի ֆուտբոլիստներն են, թեկուզ եթե նույնիսկ իրենց պրոֆեսիոնալիզմով ու խաղաոճով զիջում են Մեսսիին կամ Ռոնալդուին: Եթե ես գնահատում եմ վերջիններիս խաղը, դա չի նշանակում, որ չեմ գնահատում Յուրայի խաղը, էնպես որ կրկնվում եմ՝ ձեր գոռգոռոցները անիմաստ են:
Հիմա անցնեմ մյուս կողմին: Էն Յուրայի նկարը տարածողները համացանցից պեղում-գտնում են ինչ-որ մեկնաբանություններ (որոնց հեղինակները հիմնականում ֆեյկեր են, բնականաբար՝ նրանց ազգությունը կասկածելի), որում ասվում է «Օզիլը կյանք ա», «Օզիլը Յուրայից լավ ա խաղում» ու էս տիպի մի քանի այլ հիմարություններ: Ովքե՞ր են էս էրեխեքը: Ընդամենը ֆանատիզմի զոհեր: Կարևոր չի, թե ում համար են «գժվում» էս պարագայում՝ Օզիլի , թե՞ Մեսսիի, ֆանատիզմի զոհը զոհ է))) Ես ընդամենը նման դեռահասներին խորհուրդ կտամ մի փոքր գլխով մտածել, արժի՞ արդյոք գժվել Մեսսիի, Ռոնալդուի կամ Օզիլի համար:

Ու վերջում հարգելիներս, հայրենասիրությունը դրանով չի որոշվում: Ոչ մեկդ օզիլի նկարին կարմիր խաչ նկարելով ավելի հայրենասեր չեք դառնում, քան ես: Հերիք է, մտածեք մի փոքր՝  ինչ-որ բան անելուց առաջ:

Հ.Գ.  հայություն , չեք ձանձրացե՞լ Ռեալ- Բարսա հողի վրա ճակատամարտելուց: 2 թիմն էլ համաշխարհային գրանդներն են, 2 թիմի խաղով էլ կարելի է հիանալ, ի՞նչն եք շահարկում: Նրանք իրենց ներքին պատճառներն ունեն անհաշտ լինելու, որոնք մեզ բնավ չպետք է հետաքրքրեն:

Կցանկանայի, որ մի օր փակվեին բոլոր բուքմեյկերական գրասենյակները

Իմ պատանության տարիների հիշողություններում իր պատվավոր տեղն է զբաղեցնում Ֆուտբոլը: Հիշում եմ, թե ինչ ոգևորությամբ էի սպասում և հետո դիտում իմ սիրելի թիմի խաղերը, ինձ համար ֆուտբոլը ավելին էր քան սպորտը, դա , ինչպես ասում են, կյանքիս մի մասնիկն էր դարձել: Չեմ կարող հիշել,թե հատկապես որ տարիքից սկսեցի դիտել այդ խաղը, բայց ֆուտբոլը որպես իմ առօրյայի անբաժանելի մաս սկսեցի համարել 2002 թվականի աշխարհի առաջնությունից սկսած: Իր խաղաոճով և ցուցադրած գեղեցիկ խաղով ինձ գերեց Բրազիլիայի հավաքականը, Ռոնալդոն ինձ համար ավելին էր, քան ֆուտբոլիստ, ես նրան համարում էի իմ կուռքը,  սենյակս ողողել էի նրա նկարներով: Իսկ ակումբներից ինձ համար հարազատ դարձավ Ռեալը: Մինչ օրս գրեթե ոչինչ չի փոխվել այս առումով, ես էլի շատ եմ սիրում Բրազիլիայի խաղաոճը և երկրպագում եմ Մադրիդի Ռեալին, բայց մի էական տարբերություն կա. հիմա ես ինձ առաջին հերթին համարում եմ Հայաստանի Ազգային Հավաքականի երկրպագու, իսկ եթե մի օր մեր հայկական թիմերից մեկին բախտ վիճակվի մրցել Ռեալի հետ՝ ես ամբողջ նվիրումով կերկրպագեմ հայկական թիմին (կարևոր չի որ թիմը կլինի): Իսկ այն տարիներին մենք կարելի է ասել չունեինք այնպիսի մի հավաքական, որի խաղը հնարավոր լիներ գոնե նայել : Այն խաղը, որը ցուցադրում է մեր ներկայիս հավաքականը՝ այն ժամանակ մեզ համար մի թաքուն երազանք էր թվում:)))

Հիշում եմ, թե ինչ տրագեդիա  էր մամայիս համար իմ՝ ֆուտբոլ սիրելը: Այդ տարիներին ֆուտբոլ սիրելը դեռ նորաձև չէր աղջիկների շրջանում, ուստի շատ քիչ թիվ էին կազմում ֆուտբոլի՝ աղջիկ երկրպագուները: Նրա կարծիքով ֆուտբոլը աղջկա սպորտաձև չէ և ես չէի կարող սիրել էդ խաղը, նույնիսկ դիտելն էր արգելում :ճ Լավ է, ժամանակի հետ հաշտվեց իր աղջկա այդ թերության հետ :ճճ Հիշում եմ , թե ինչ տոն էր ինձ համար յուրաքանչյուր չորեքշաբթին, որովհետև հենց այդ օրն էր լույս տեսնում «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հերթական համարը: Այն ժամանակ տեղեկատվության աղբյուները (մասնավորապես ինտերներտը) այդքան տարածված չէին և ինձ համար այդ թերթը համարվում էր  նորությունների գլխավոր աղբյուրը: Մինչ օրս թանկ մասունքի պես պահում եմ 2002-ից մինչև 2006 թվականների «ֆուտբոլ+»-ի գրեթե բոլոր համարները, ինչպես նաև «ֆուտբոլ 365» շաբաթաթերթի շատ համարներ: Բայց էլ չկա այն ոգևորությունը, որով ես նախկինում էի դիտում էս խաղը: Էլ չկան Ռոնալդո, Կառլոս, Ռոնալդինյո, Ռաուլ, Բեքհեմ, Զիդան, Ֆիգու, որոնք իրենց ներկայությամբ զարդարում էին ցանկացած հանդիպում: 

Հիմա մի տեսակ ֆուտբոլը կորցրել է իր գեղեցկությունը, մեծացել է բիզնեսի բաժինը,կարծես ֆուտբոլիստներն էլ զուտ բիզնես են ծավալում խաղադաշտում: Մարդիկ խաղը նայում են ոչ թե հաճույքի համար, այլ որովհետև խաղադրույքներ են կատարել: Իսկ էս դեպքում արդեն խաղի գեղեցկությունը մնում է մի կողմ, քանի որ քեզ համար կարևոր է դառնում հաշիվը:

Կցանկանայի, որ մի օր փակվեին բոլոր բուքմեյկերական գրասենյակները, որ մարդիկ նայեին էս խաղը՝ հաճույք ստանալով յուրատեսակ փիլիսոփայությունից, այլ ոչ՝ հաշվից: Քանի որ հիմա ընթանում է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, կցանկանայի, որ մեր խաղամոլները մի փոքր սթափվեին, հասկանային, որ անդադար խաղադրույքներ կատարելը (հատկապես երբ խոսքը գնում է մեծ գումարների մասին)  մոլուցք է, հիվանդություն, որը կարող է տանել ընդհուպ մինչև իր և իր ընտանիքի կործանմանը:

Մեզ՝ բոլոր ֆուտբոլասերներիս, մաղթում եմ գոլառատ և գեղեցիկ առաջնություն: Եկեք դիտենք և վայելենք առաջնությունը՝ հույս ունենալով, որ հաջորդ Եվրոպայի առաջնությանը երկրպագելուն ենք ոչ թե իտալիային, Իսպանիային, Անգլիային կամ մեկ ուրիշ հավաքականի, այլ հենց մեր՝ Հայաստանի Ազգային Հավաքականին 🙂