Архив рубрики: Դպրոց

Հայաստանի աշխարհագրության դասագրքի մասին

9-րդ դասարանի <<Հայաստանի աշխարհագրություն>> դասագրքից անհետացել է ՀՀ բնակչության առավելագույն թիվը.. իհարկե ես ընդունում եմ, որ պետք չէ միանգամից երեխաներին ներկայացնել մեր երկրի կատաստրոֆիկ ծանր ու թշվառ վիճակը, բայց պետք էլ չի երեխաների մոտ պատրանքներ ստեղծել, ի վերջո դրանք դատապարտված են խորտակվելու: Եվ այսպես, ըստ դասագրքի ՀՀ բնակչության թիվը կազմում է 3.02 մլն մարդ (2011թ. մարդահամարի տվյալներով), բնական աճը՝ 4-5 պրոմիլ (0.4-0.5%) է: Բայց ամենաանհասկանալին այն է, թե ինչու՞ դասագրքում չի նշվում, թե ո՞ր թվականին է գրանցվել ՀՀ բնակչության առավելագույն թիվը և որքա՞ն է այն կազմել: Կարծում եմ դա շատ կարևոր ցուցանիշ է, և անհրաժեշտ էր նշել, որ մեր հանրապետությունում բնակչության թիվն իր գագաթնակետին է հասել 1998 թ-ին՝ կազմելով 3.8 մլն մարդ: Դասագրքում շատ նուրբ կերպով ջնջված-մաքրված է այդ տվյալը , և ըստ դիագրամի՝ մեր բնակչության առավելագույն թիվը գրանցվել է 1989թ-ին՝ կազմելով 3.3 մլն մարդ: 89թ-ից հետո պետք է նշվեր 98թ-ի ցուցանիշը, բայց հեղինակները որոշել են այն շրջանցել և նշել են 2001թ-ի ցուցանիշը՝ 3.2 մլն մարդ: Թվում է թե նորմալ է… Նոր անկախացած պետություն, պատերազմ, երկրաշարժ , արտագաղթ, բնակչության կենսամակարդակի կտրուկ վատթարացում, որի արդյունքում մոտ 20 տարվա ընթացքում բնակչությունը նվազել է ընդամենը 100000 մարդով: Իսկ ու՞ր է կորել 1998թ-ի 3.8 մլն-ը՝ ոչ ոք չգիտի: ՀՀ-ում կյանքի միջին տևողությունը 74.2 տարի է (կանանց մոտ՝ 77.5 տարի, տղամարդկանց՝ 70.7 տարի): Տնտեսապես ակտիվ մշտական բնակչության (1.4 մլն մարդ) 80.5%-ը կազմում են զբաղվածները , իսկ ընդամենը 19.5%-ը՝ գործազուրկները: Ինչ խոսք, հիանալի կլիներ:

10513495_322081971312192_3969451808953640563_n 10689466_322081934645529_6183633420280983627_n

Կրթական համակարգի նորարարությունը` էլեկտրոնային մատյաններ

Արդեն երկրորդ տարին է, ինչ ուսուցիչների առաջ նոր խնդիր է դրված. այսպես կոչված էլեկտրոնային մատյաններ: Գեղեցիկ է հնչում, չէ՞  որ 21-րդ դարն է` տեխնոլոգիաների դարը: Գաղտնիք չէ, որ մեր կրթության ոլորտը դարձված է մի մեծ  լաբորատորիա, որտեղ   կատարվում են զանազան փորձեր` առանց նախապես մտածելու դրանց հետևանքների մասին… Ահա այսպես տարիներ առաջ մեզ պարտադրեցին Բոլոնյան համակարգը` իր խաչուփաչային տրամաբանությամբ, որտեղ աշակերտը գնահատվում է ոչ թե ունեցած գիտելիքների, այլ`  դրած խաչուկ-թռչնակների հաշվարկով, որը շատ հաճախ կարող է հիմնված լինել պատահականության վրա: Այսպես պատահականորեն էլ աշակերտները ավարտում են դպրոցը, վարժեցված խաչ-փաչերով ընդունվում ԲՈՒՀ-եր և դառնում վարժեցված մասնագետներ…

Ինչևէ..  վերադառնանք էլեկտրոնային մատյաններին: Ինչ խոսք, հրաշալի գաղափար է. հարթակ, որտեղից յուրաքանչյուր ծնող կարող է տեղեկանալ իր երեխայի գնահատականների և ընդհանուր առաջադիմության մասին: Անտեսենք այն փաստը, որ dasaran.am  կայքը գրեթե ռուսական օդնոկլասսնիկին է, որտեղ ամեն երեխա կարող է ունենալ մեկից ավելի պրոֆիլներ, գրել լատինատառ և այլն: Խոսենք էլ. մատյանների տեխնիկական կողմի մասին: Օրեր առաջ դպրոցները նկատողությունների մի մեծ ցուցակ են ստացել այն ուսուցիչների անուններով, ովքեր ուշացրել են գնահատականների անցկացումը  էլ. մատյաններ: Տեղին կհամարեի նկատողությունը, եթե նրանք, ովքեր պահանջում են, նույնպես իրենց գործը կատարեին առանց թերացումների; Մինչդեռ dasaran.am կայքը լի է թերություններով; Առաջին հերթինխոսքը  վերաբերվում է կայքի չափազանց դանդաղ աշխատելուն, հաճախ էլ, ինչպես այս պահին, բացարձակորեն չաշխատելուն: Արդեն մոտ մեկ ժամ է, փորձում եմ գնահատականներ անցկացնել մատյան, կայքն անհասանելի է… մինչդեռ եթե փորձեմ գնահատականներն անցկացնել 24:00-ից հետո` թվանշանների գույնը ավտոմատ կերպով կփոխվի. չէ՞ որ թերացել եմ իմ աշխատանքում, գնահատականները մեկ օր ուշ եմ տեղադրել. ում՞ մեղքով` անհայտ է…

Անտեսենք նաև  այն փաստը, որ այժմ ուսուցիչները ստիպված են երեք տարբեր մատյաններ վարել. դասամատյան, էլ. մատյան և իհարկե անձնական մատյան, որտեղ դասամատյաններից արտագրվում են գնահատականները , որպեսզի հետո էլ դրանք արտատպվեն էլ. մատյաններում: Հարց է ծագում, թե ո՞րն է դասամատյանները պահպանելու իմաստը, եթե կա դրա առավել զարգացած`էլեկտրոնային տարբերակը: Բնականաբար սրա մասին չեն մտածել լաբորատոր փորձարկումներ կատարողները, այլապես ամեն դասարանի համար մեկական պլանշետ կհատկացնեին, որտեղ հենց դասի ընթացքում կանցկացվեին գնահատականները. այսինքն դա կծառայեր որպես սովորական դասամատյան` էլեկտրոնային տարբերակով: Բնական է, մենք չենք կարող մեզ նման ճոխություն թույլ տալ, չէ՞ որ զարգացող երկիր ենք: Մենք միայն կարող ենք զարգացած  երկրներից վերցնել ձևը, բովանդակությունը կարևր չէ: Կարևոր չէ, որ զարգացած երկրները այդ համակարգով աշխատելուց առաջ նախապես ապահովել են  դասասենյակները բոլոր անհրաժեշտ պարագաներով:

Չեմ հասկանում նաև աշակերտներին օրագրեր պարտադրելու նպատակը, չէ՞ որ ինչին որ ծառայում էր օրագիրը, այժմ ծառայում է էլեկտրոնային մատյանը:

Թեման անսպառ է և բազմաշերտ, տարբեր ասպեկտներով վերլուծության ենթակա, ուստի մեկ գրառումով չափազանց ծավալուն կստացվեր: Dasaran.am կայքի, էլեկտրոնային մատյանների մյուս առավելություններն ու թերությունները կքննարկեմ հաջորդ գրառումներում :

Այն ուսուցիչներն ու ծնողները, ովքեր ունեն ասվածին լրացում կամ առարկություն, խնդրում եմ իրենց կարծքիները հայտնեն մեկնաբանություններում: Նախապես շնորհակալություն 🙂

Այնքան գեղեցիկ է սևն ու սպիտակը` դպրոցի բակում

Վաղը հանրապետության բոլոր դպրոցներում կմեկնարկի նոր ուսումնական տարին` իր ետևում թողնելով ամառային արձակուրդները: Ինչպես ցանկացած նոր ուսումնական տարին մեկնարկելիս` այս տարի նույնպես ուսուցիչները միմյանց կշնորհավորեն նոր ուսումնական տարի սկսելու կապակցությամբ, կմաղթեն ստեղծագործական և մանկավարժական նորանոր հաջողություններ, համբերություն և ուժ: Գործընթացն ինձ ծանոթ է. արդեն 5-րդ սեպտեմբերն եմ տոնում` որպես ուսուցչուհի: Ամեն սեպտեմբեր իր հետ բերում է ինչպես նախորդ` անկատար երազանքների իրականացման հույսեր, այնպես էլ նոր մտահղացումներ ու ցանկություններ: Իսկ մենք այնքան էլ շատ բան չենք երազում. մաքուր ու գեղեցիկ դպրոց, ուսուցման ժամանակակից մեթոդներին ու հնարներին համապատասխանող կահավորմամբ դասասենյակներ, գրագետ, գիտատարության ու մատչելիության սկզբունքով շարադրված դասագրքեր (որոնք ռուսերենից անգրագետ թարգմանություններ չեն պարունակի) և ամենակարևորը` աշխատասեր ու խելացի աշակերտներ 🙂 Ցանկանում ենք, որ բոլոր դասագրքերն ու կից պարագաները աշակերտներին տրամադրվեն անվճար: Բայց ինչ ունենք իրականում? Պատկերն այնքան էլ հուսադրող չէ: Ունենք կիսամյակում առնվազն 2 թեմատիկ և 2 գործնական աշխատանքներ հանձնարարելու պարտավորություն և միաժամանակ աշակերտներին տետրեր գնել չպարտադրելու խիստ հրաման (պարադոքս): Ինչպես վարվել? անհայտ է… Այդ դեպքում ինչու են արտադրվում տետրերն առհասարակ? Խնդիրները թողնենք մեզ` ուսուցիչներիս…
byYP45UdHGcFxz3MNd9BuWW6cr
Այնքան գեղեցիկ է սևն ու սպիտակը` դպրոցի բակում: Հրաշք տեսարան է, երբ մի քանի ամիս տևած լռությունից հետո բակը նորից լցվում է այս ու այն կողմ վազվզող երեխանորով և իրենց արդեն մեծիկ կարծող պատանիներով: Կրկնակի անգամ հաճելի է դպրոցում տեսնել նաև ծնողներին:
ՍԻՐԵԼԻ ԾՆՈՂՆԵՐ, դպրոցը երեխաներին կրթելու համար է նախատեսված, թանկարժեք հագուստներով միմյանց հետ մրցելու հարթակ չէ: Հավատացեք, առանց ձեր աջակցության նույնիսկ ամենահմուտ մանակավարժը չի կարողանա իրականացնել այդ գործընթացը: Հիշեք. ցանկացած երեխա ներկայացնում է ձեզ` դպրոցում (երեխան ընտանիքի հայելին է): Հետևեք ձեր երեխաների կոկիկությանը, օգնեք դասերը պատրաստելիս: Ամեն առավոտ երեխային դպրոց ճանապարհելիս մտածեք .ՙՙայն, ինչ հագել է երեխաս, համապատասխանում է դպրոցին?՚՚ : Քավ լիցի, խոսքը չի վերաբերվում անպայմանորեն նոր, թանկարժեք հագուստին: Ոչ! Պարզապես չի կարելի բարձրակրունկ կոշիկներով, ներկած եղունգներով ու դիմահարդարմամբ, ռոքերային սանրվածքով ու շորտերով դպրոց գնալ: Դա ամենևին էլ ձեր երեխայի ինդիվիդուալության մասին չի խոսում. թող նա սպիտակ ագռավ լինի իր վարքով և կարդացած գրքերի ցանկով: Համոզված եղեք, նման տեսքով դպրոց հաճախող երեխան վերջին հերթին կմտածի ուսման մասին (եթե մտածի):
Հմ… էլի սկսեցի դասեր տալ ;ճ ներեցեք, բնավորության գիծ է 😀

Հ.Գ Մեծ ուրախությամբ պիտի հայտնեմ, որ այս տարի մենք վերջապես կունենանք վերանորոգված դպրոց! Հուսանք, որ մի օր էլ գեղեցիկ, մաքուր , վերանորոգված դասասենյակները կահավորված կլինեն արդիական դիդակտիկ պարագաներով:

«Ուսուցիչը չպետք է գրանցվի սոցիալական ցանցերում». իսկ ուսուցիչը հաց պե՞տք է ուտի

Ողջույն ընթերցող: Քիչ առաջ աչքովս ընկավ «Ազատ գոտի» հաղորդումը, որը տեղադրվել էր Բլոգ Նյուզում: Վերնագիրն անմիջապես ուշադրությունս գրավեց, որովհետև  վերաբերվում էր ուսուցիչներին. «Շփվե՞լ ուսուցիչների հետ սոցցանցերում, թե՞ ոչ»: Հաղորդման հյուրերից մեկը՝ իմ հարգելի կոլեգան, հայտարարեց, որ ուսուցիչը   առհասարակ չպետք է  լինի սոցցանցերում, և որպես դրա պատճառաբանում ներկայացրեց  այն, որ սոցիալական ցանցերում հնչում է ոչ հայցի խոսք: Հետո նաև պատմում էր, թե ինչպես են իր դասի ընթացքում աշակերտներից ոմանք «բամբասել» այն ուսուցիչների մասին, ովքեր գրանցված են եղել որևէ սոցցանցում և ինչ-որ գրառումներ են արել: Սա իմ կոլեգայի սուբյեկտիվ կարծիքն է, հարգում եմ, բայց ցանկանում եմ նաև իմ սուբյեկտիվ կարծիքը հայտնել: Իսկ իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ասել, թե ուսուցիչը չպետք է լինի որևէ սոցիալական ցանցում, խիստ կարծրացած և քարացած մոտեցում է: Ես կվիրավորվեի իմ այն կոլեգայից , ով կպատմեր, թե ինչպես են իր դասի ընթացքում աշակերտները քննարկել իմ սոցցանցում լինել-չլինելը, իսկ նա դա թույլ է տվել, և դեռ մի բան էլ հեռուստատեսությամբ է հայտնում այդ մասին: Իսկ ընդհանուր՝ աշակերտը կարող է բամբասել ցանկացած թեմայով. օրինակ, թե ինչու է իր ուսուցիչը հագնում ոչ թե կապույտ, այլ կարմիր կոշիկ, ինչու՞ է անում ոչ թե այս, այլ մյուս սանրվածքը և այլն… Երեխայի համար դժվար չէ դասի ընթացքում խոսելու թեմա գտնելը, եթե թույլ ես տալիս: Ինչ մնում է այն սահմանմանը, թե սոցիալական ցանցերում հնչում է «ոչ հայեցի» խոսք, դրա համար էլ ուսուցիչը չպետք է գրանցվի նման կայքերում,  լիովին համաձայն եմ տիկին Բախշյանի պատասխանի հետ: Իսկ ինչու՞ հենց ուսուցիչը ինքը սոցիալական ցանցերում հայեցի խոսքի տարածողը չդառնա: Ես հենց այդպես էլ անում եմ (համենայն դեպս որքան որ կարողանում եմ): Բոլոր աշակերտներս կհաստատեն, թե քանի անգամ եմ իրենց կոչ արել սոցցանցերում գրել հայատառ, նույնիսկ երբեմն բարկացել եմ և ասել, որ եթե որևէ մեկիդ տեսնեմ համացանցում լատինատառ օգտագործելիս՝ «2» է ստանալու: Ի դեպ, ինքս էլ դասավանդում եմ «ինֆորմատիկա»:

Իսկ ի՞նչ ասել է, թե ուսուցիչը այնքան զբաղված է, որ չի կարող  սոցցանցերին   տրամադրելու ժամանակ ունենալ : Ինչ է, ուսուցիչը տանը հանգստանալ չի՞ կարող: Հնարավոր չէ՞ մեկ կամ երկու  ժամվա ընթացքում պատրաստվել վաղվա դասերին , իսկ ազատ ժամանակդ տնօրինել՝ ինչպես կկամենաս:

Ընդհանուր առմամբ՝ կարծում եմ թեման  բավականին ակտուալ  է: Ցանկացած ուսուցիչ, ով գրանցաված է որևէ սոցիալական ցանցում, անպայման առնչված կլինի այն խնդրի հետ, որ երբեմն աշակերտը կարող է ոչ միանշանակ ընդունել այն փաստը, որ իր ուսուցիչը նույնպես դպրոցից դուրս սովորական քաղաքացի է, ունի իր նախասիրությունները և անձնական կյանքը: Ինքս էլ բախվել եմ այդ խնդրին: Դպրոցում աշխատելու առաջին տարիներին աշակերտներիս շրջանում որոշակի «քչփչոցներ» իմ սոցցանցում լինելու մասին լսելի էին:  Ես դրանց փորձեցի խոհեմորեն մոտենալ, աստիճանաբար երեխաներին հասկացնել, որ սոցիալական ցանցում գրանցված լինելը դա չափահաս մարդու համար նորմալ երևույթ է, ընդամենը նախասիրության հարց: Հետո հայտնվեցին առաջին համարձակները, ովքեր ընկերության առաջարկներ ուղարկեցին: Որոշեցի ընդունել: Այնուհետև որոշակի ժամանակ անց սկսեցի փոքրիկ վիրտուալ «դասեր» անցկացնել: Նրանց եմ ուղարկում հետաքրքիր վավերագրական, գիտական տեսաֆիլմեր, հոդվածներ մեր դասի թեմայի վերաբերյալ, նկարներ, իսկ հետո դասարանում մի քանի րոպե հատկացնում  ենք դրանց քննարկմանն ու վերլուծությանը: Չէ՞ որ այսօր ինտերնետը ինֆորմացիայի ստացման այնպիսի լայն ու մատչելի աղբյուր է հանդիսանում,  որպիսին ցավոք երբեմն չի կարողանում հանդիսանալ գիրքը, առավել ևս՝ դասագիրքը: Առակս ի՞նչ կցուցանե, որ եթե ուսուցիչն ու աշակերտը շփվում են սոցիալական ցանցում, դա դեռ չի նշանակում, որ ուսուցիչը աշակերտին է ներկայացնում իր անձնականը, այսինքն այն եզրույթը, իբր այդպիսով ուսուցիչը դադարում է առեղծվածային մնալուց՝ սխալ սահմանում է: Ի վերջո նորագույն մեթոդները սահմանում են, որ ուսուցչի և աշակերտի միչև նախկինում եղած կարծրացած հարաբերությունները (օբյեկտ-սուբյեկտ) պետք է փոխվեն: Այժմ ուսուցիչը պետք է լինի հավասար հարթության վրա՝ աշակերտի հետ հարաբերություններում, ասել է թե, նրանց շփումը պետք է օբյեկտ-սուբյեկտ ձևից վերածվի սուբյեկտ-սուբյեկտ ձևի: Ես նույնիսկ սոցիալական ցանցերում աշակերտներիս հետ «թաքնաված » դաս եմ պարապում: Ցանկացած հոդված  կամ տեսաֆիլմ պատիս տեղադրելիս ես անպայման հաշվի եմ առնում նաև այն, որ դա տեսնելու են իմ աշակերտները: Չափազանց պարտավորեցնող է, բայց և օգտակար հենց նրանց համար կարծում եմ:

Թեմայի մասին կարող են լինել տարբեր, իրարամերժ կարծիքներ: Բայց ասել , թե ուսուցիչը չպետք է լինի սոցիալական ցանցերում՝ անձամբ ինձ վիրավորում է: Դա ոտնահարում է իմ՝ որպես քաղաքացի ազատ ապրելու իրավունքը:

Չորս առարկա, որոնց ուսուցանումը դպրոցներում պարտադիր է

Բազմիցս խոսվել է մեր կրթական համակարգի ոչ լիարժեք, թերի լինելու մասին, սակայն ոչ միշտ է, որ թերությունները վեր հանելու հետ մեկտեղ՝ առաջարկվում են իրավիճակը շտկելուն ուղղված ինչ-որ միջոցառումներ:  Այսօր կնշեմ մի քանի առարկաներ, որոնց ուսուցումը դպրոցում, կարծում եմ պարտադիր պիտի լինի: Եվ այսպես.

  • սկսեմ հայագիտությունից: Ի դեպ, այս առարկան չի ուսուցանվում ոչ միայն դպրոցներում, այլ նույնիսկ բարձրագույն ուսումնական հաստատություններում, նույնիսկ ՝ մագիստրատուրայում: Ի՞նչ է ստացվում. մագիստրոսի աստիճան ունեցող ուսանողը գաղափար իսկ չունի (կամ շատ թերի), թե ով է ինքը, այսինքն՝ ունի վառ արտահայտված ինքնաճանաչման պակաս: Կապ չունի, թե ինչ մասնագիտություն ես ուսումնասիրում ԲՈՒՀ-ում, միևնույնն է, ազգդ ուսումնասիրել պարտավոր ես: Բոլորս գիտենք, թե  երբեմն մեզ համար ոչ պետքական  ինչպիսի առարկաներ են դասավանդվում բուհերում, որոնցից որևէ մեկի փոխարեն տեղին կլիներ դասավանդել հենց Հայագիտություն: Օրինակ բերեմ ինձ. նախ սովորել և ավարտել եմ ԵՊՄՀ աշխարհագրության ֆակուլտետը, անցել ենք ինչ առարկա ասես, բացի Հայագիտությունից: Հետո սովորել եմ ԳԱԱ սոցիոլոգիայի բաժնում՝ մագիստրատուրայում, դարձյալ չեմ ուսումնասիրել հայագիտութույն: Ի դեպ, իմ մասնագիտություններից երկուսի դեպքում էլ թվում է թե հայագիտություն իմանալը անհրաժեշտություն է. օրինակ՝ սոցիոլոգիան ուսումնասիրում է հասարակությունը, իսկ ինչպե՞ս ուսումնասիրել հասարակությունը (այս դեպքում հայ), եթե դու նրան չես ճանաչում, չգիտես նրա հոգեբանությունն ու ազգային առանձնահատկությունները: Հանուն արդարության նշեմ, որ դպրոցում դասավանդվում է հայրենագիտություն: ԲԱՅՑ, նախ դա հայագիտություն չէ, ավելի շուտ հայաստանի պատմական աշխարհագրություն է, հետո էլ առարկան դասավանդվում է 5-րդ դասարանցում: Իսկ 5-րդ դասարանի աշակերտը դեռ նույնիսկ լիովին չի կարող ընկալել ինչ բան է հայրենիքը, ուր մնաց թե ուսումնասիրի հայրենագիտություն: Այսպիսով՝ դպրոցներում (բարձր դասարաններում) և ԲՈՒՀ-երում Հայագիտության ուսուցանումը պարտադիր է:
  • հաջորդ առարկան, որ պարտադիր է մտցնել դպրոցներ, ազգագրական պարերի ուսուցանումն է: Բոլորս գիտենք, որ այսօր, ցավոք սրտի, ազգային պարը մղվում է երկրորդ պլան. շատ ծնողներ երեխաներին տանում են լատինո կամ այլ տեսակի պարերի ուսուցման: Ստացվում է այնպես , որ երեխան մեծանում է՝ առանց սեփական պարերը ճանաչելու (օրինակ՝ ես :ճ): Բացի այդ, եթե կան երգեցողության դասեր, ինչու՞ չլինի նաև պարերի դասավանդում:
  • մի անգամ արդեն խոսվել է, որ պատմության դասագրքերում Արցախյան հերոսամարտի, ԱՍԱԼԱ-ի մասին տեղեկություննր գրեթե չկան: Կարծում եմ անհրաժեշտություն է առանձին դասընթացով դպրոցներ մտցնել Հայ ժողովրդի նորագույն պատմություն առարկան, որը մանրամասնորեն կուսումնասիրի և Արցախյան հիմնախնդիրը, և հերոսամարտը, և ընդհանրապես մեր նորագույն պատմությունը: Այս առարկայի բացակայության պատճառով է, որ ես՝  լինելով ուսուցչուհի, երբեմն խախտում եմ ուսումնական պլանս. օրինակ՝ ինֆորմատիկայի մեկ դասաժամս նվիրում եմ ԱՍԱԼԱ-ի մասին նյութեր կարդալուն (դա անում եմ բոլոր դասարաններում): Չեմ վախենում այդ մասին բարձրաձայնել, թող ինձ նկատողություն ուղարկվի դրա համար, քանզի ինֆորմատիկայի դասաժամս տրամադրում եմ բոլորովին այլ առարկայի:
  • Դպրոցնեում պարտադիր կերպով պետք է ուսուցանվի դասական հայերեն: Դարձյալ իմ օրինակով բացատրեմ, թե ինչու. միշտ էլ սիրել եմ ընթերցանությամբ զբաղվել, կարդացել եմ ամենափոքր տարիքից սկսած՝ գրեթե ամեն  ժանրի գրականություն: Բայց երբեք չեմ կարդացել այն, ինչ հանձնարարում էր գրականության ոսուցչուհիս: Բանը նրանում է , որ գրքերը, որոնք հանձնարարվում են դպրոցում, հիմնականում արևմտահայերեն են գրված, իսկ ես չէի կարող 6-րդ դասարանում կարդալ , հասկանալ այդ լեզուն, քանի որ չէր դասավանդվել: Այդ պատճառով է նաև, որ ավելի շատ ընթերցվում են արտասահմանյան գրողները, քան հայկական (եթե սխալվում եմ, ուղղեք): Բացի այդ՝ ունենք դասական հայերենի պահպանության խնդիր, իսկ եթե շարունակվի չուսուցանվել, կմոռացվի վերջնականապես:

Կարծում եմ նշված 4 առարկաներն էլ պարտադիր պայմանով պետք է ուսուցանվեն, ի դեպ՝ ոչ միայն դպրոցնեում, այլ նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Կաշառակեր ուսուցիչներ և տնօրեններ, ձեզ եմ դիմում, բավ է խազեք մանկավարժի համբավը

Առաջին անգամն է , որ գրառումս սկսում եմ հենց վերնագիրը գրելով, քանզի տվյալ դեպքում երևի թե վերնագիրս պիտի պատմի ավելին, քան ամբողջ գրառումս: Վերնագիրը գրելուց հետո երկար մտածում էի, ինչպե՞ս սկսել, ի՞նչ գրել: Այնքան հարցեր կան չպարզաբանված, այնքան հարցեր կան տրվելիք, բայց արդյո՞ք բոլոր հարցերը մի ընդհանուր հարցի չեն տանելու՝  Ինչու՞: Ինչու՞ է այսօր մանկավարժը դադարել լինել հեղինակություն, ինչու՞ է այսօր հասարակությունը զզվանքով և հիասթափությամբ խոսում մանկավարժի և դպրոցի մասին: Կարող ենք նույն հարցին զանազան մեկնաբանություններ տալ, տարբեր կերպ բացատրել դրությունը, բայց կա գլխավորը, որը ստվեր է գցում մանկավարժի համբավին.. կաշառակերություն: Կոպիտ է հնչում, շա՜տ կոպիտ: Ամեն անգամ գլուխս կախում եմ, ներսումս ինչ-որ դող է ալիքվում, այլայլվում եմ, երբ խոսվում է դպրոցներում առկա դրամահավաքությունից, չէ՞ որ ես էլ եմ այդ դպրոցի մի մասնիկը, հետևաբար՝ ես էլ մեղքի իմ բաժինն ունեմ տիրող իրավիճակում: Այսօր ևս մեկ անգամ առիթ ունեցա կախել գլուխս, ընկերներիցս մեկը խոսում էր այն դպրոցում տիրող վիճակից, որում սովորում են իր երեխաները. դարձյալ դրամահավաքություն՝ տնօրենի կողմից: Չհարցնեք, թե որ դպրոցի մասին է խոսքը, անկեղծ եմ ասում, չգիտեմ, չեմ էլ հարցրել, որովհետև էական չէ, թե որ դպրոցն է, էականը երևույթն է՝ ոչ մանկավարժական, տգեղ երևույթը: Ծնողները վախենում են բողոքել, որովհետև այդ տնօրենը ինչ-որ պաշտոնյայի ընկերոջ կինն է: Եվ նմանատիպ դեպքերը, ցավոք, դեռ շատ են: Խորհուրդ էր հարցնում, ի՞նչ անել: Ամենադժվար հարցերից մեկը, որ երբևէ տրվել էր ինձ..

Ինչու՞ ես այդքան նյութապաշտ դարձել, ուսուցիչ: Մի՞թե քո բարի համբավը, աշակերտի հարգանքն ու սերը ավելին չարժեն, քան այն հերթական սպասքի պարագան, որը այդպես բավականությամբ տեղադրում ես բնակարանիդ մի անկյունում: Մի՞թե քեզ համար աշակերտիդ մի ժպիտը ավելի պակաս արժե: Մի՞թե քեզ համար պիտի տոնիդ առթիվ տրվող մեկ փունջ մանուշակը, որը տրվել է սիրով, ավելին չարժենա, քան այդ ամբողջ տարատեսակ «նվերների»  հավաքածուն, որ դիզել ես տարիների ընթացքում: Արդյո՞ք բավ չէ վիճելի դարձնես  հայ մանկավարժի նվիրումն ու հմբավը: Բա՜վ է:

Բայց հիմա, հանուն արդարության, եկեք մյուս կողմն էլ քննարկենք: Շատ հաճախ ծնողները ուսուցչին մեղադրում են դրամահավաքության մեջ, չգիտակցելով, որ այդ ամենը ուսուցիչը միգուցե իր կամքով չէ, որ անում է: Ամենատարածված երևույթը քննարկենք. դրամահավաքություն՝ թեմատիկ տետրերի համար: Այս պատիժն ուսուցիչները ստացան մեր կրթական՝ այսպես կոչված բարեփոխումների արդյունքում: Երեխային պարտադրվում է յուրաքանչյուր առարկայից գնել թեմատիկ տետրեր, որոնց գինը տատանվում է 350-400 դրամի սահմաններում (եթե սխալվում եմ , ուղղեք): նախկինում ծնողը նույնիսկ դժվարությամբ էր կարողանում կցել-կցմցել և վճարել գրքերի գումարը, հիմա էլ ինչ-որ տետրեր: Տետրեր, որոնց բովանդակությունը երբեմն անհասկանալի է նույնիսկ ուսուցչին, տետրեր, որոնց բովանդակությունը շատ հաճախ չի համապատասխանում դասագրում տրված նյութին: բայց թե ուսուցիչը, թե ծնողը կամա-ակամա պիտի ընդունեն այդ տետրերը. առաջինները դրանց վրա հենվելով գնահատական պիտի նշանակեն, երեխայի գիտելիք ստուգեն, ծնողը ՝ դրա համար գումար պիտի վճարի: Պիտի վճարի մեծ դժվարությամբ, դժկամությամբ՝ մեղադրելով ուսուցչին դրամահավաքության համար:

Գիտեմ, որ մեր երկրում դեռ կան շատ խնդիրներ, գիտեմ, որ դրանց լուծման համար անհրաժեշտ է ժամանակ, անհրաժեշտ է յուրաքանչյուրիս ներդրումը, լուման՝ հզոր պետություն կառուցելու համար: Բայց իհարկե, նաև գիտեմ, դուք կասեք, որ այս հարցում ամենամեծ դերը խաղում է կառավարությունը: Ճիշտ եք: Կառավարությունը շատ խիստ հսկողություն է սահմանել դպրոցներում դրամահավաքության վերացման համար, թերևս նման դեպքերը անհամեմատ կտճատվել են մեր դպրոցներում: Հույս ունենանք, որ մի օր այդ երևույթը առհասարակ խորթ կլինի մեզ համար, որ էլ ոչ մի մանկավարժ ստիպված չի լինի գումար պահանջել աշակերտից, որ կգա մի օր, և մեր երեխաները էլ գումար չեն վճարի դասագրքերի համար: Իսկ մինչ այդ՝ հիմա արձակուրդներ են, հարմար ժամանակաշրջան իրավիճակը ինչ-որ կերպ փոխելու, մեղմելու ծնողի հոգսը: Եթե երեխաներին հրամցնում ենք տետրեր, արդար չի՞ լինի, որ գոնե անվճար հրամցնենք.. Հավատում եմ, չեմ վհատվում 🙂

Երբ խոսք է գնում դպրոցից, բոլորը դառնում են մանկավարժ

Գիտե՞ք աշխարհում ինչն է ամենաշատը ինձ հունից հանում, երբ իրենց գիտակ համարող ինչ-որ մարդիկ շատ լուրջ տոնով սկսում եմ խոսել էնպիսի բանի մասին, որից հեռու են այնքան, որքան ես ենթադրենք ուզբեկական երաժշտությունից: Երբ խոսք է գնում կոշիկից՝  նրանք կոշկակար են,  ֆուտբոլից՝ մարզիչ են, քաղաքականությունից՝ դիվանագետ..  Մասնավորապես՝ երբ խոսք է գնում դպրոցից, բոլորը դառնում են մանկավարժ:  Կարծում եմ ամենավտանգավորը հենց վերջին դեպքն է (չեմ վիճում, միգուցե մասնագիտության բերումով սուբյեկտիվ եմ դիտարկում, չգիտեմ): Ինքս ամենաանմիջական կապը ունենալով դպրոցի հետ՝ մինչ օրս համարձակություն չէի հավաքում հրապարակավ  քննարկելու միջադեպը՝  2 աղջկա հետ կապված:  Ինձ համար շատ ցավալի և նուրբ հարց է: Միայն այսօր կասեմ, որ ինձ համար ավելի զզվելի էին ոչ թե աղջիկները, այլ այն տղաները, ովքեր կանգնած հրճվում էին, նողկալի է նա, ով նկարել էր դա և հանցագործ նա, ով տեղադրել էր ինտերնետում: Մտահո՞գ էր դպրոցում կատարվածով, տեսաերիզը համապատասխան մարմիններին էր պետք հանձնել, այլ ոչ աղջիկների անվան ու պատվի հետ խաղալ, չէ՞ որ դրա հետևանքները կարող էին ողբերգական ավարտ ունենալ անչափահաս աղջկա համար:

Թե ինչ մեկնաբանություններ հնչեցին, թե ինչ քննարկումներ եղան, թե ինչպես մեղադրեցին մանկավարժներին, չանդրադառնամ, բոլորդ գիտեք: Ցավալին այն է, որ իրենց մանկավարժ երևակայող մարդիկ, ամոթանք տալով (մեղմ ասած ամոթանք) աղջիկներին՝ փորձում էին իրենց խիստ սահմանափակ ուղեղով գետնին հավասարեցնել մեր մանկավարժության վիճակը, չգիտակցելով, որ մանկավարժորեն անթույլատրելի է հրապարակայնորեն վիրավորել, անպատվել անչափահաս, տարիքային շատ բարդ շրջափուլում գտնվող աղջկան: Չգիտես ինչու, սկսվեց ոչ միայն մանկավարժներին ուղղված քննադատության տարափը, այլ նաև ոչ պակաս կերպով սկսեց քննարկվել մեր դպրոցներում իբրև թե տիրող վիճակը: Սկսեցին շատ լուրջ դեմքով աճող սերնդին կործանված, իսկ դպրոցը՝ ավազականոց համարել:  Թող տպավորություն չստեղծվի, որ ես պաշտպանում եմ կոլեգաներիս, իհարկե, ուսուցչի դերը մեծ է երեխայի դաստիարակության գործում: Բայց երբևէ ձեզ հարց տվել եք, թե որտեղի՞ց այդքան ագրեսիա 2 աղջնակի մեջ: Դպրո՞ցն է ագրեսիա քարոզում, ուսուցի՞չն է ագրեսիա սերմանում: Ո՜չ հարգելիներս, դպրոցը երբեք այդ ֆունկցիան չի կատարել: Մտածե՞լ եք երբ սկսվեց ագրեսիան երեխաների շրջանում: Իմ դիտարկմամբ այն պահից, երբ մեր հեռուստատեսութամբ սկսվեց ամեն պահ քարոզվել ագրեսիա, արյուն, սպանություն, գողական աշխարհ, ծեծ ու ջարդ, այն պահից , երբ մանկավարժը էլ չհամարվեց հասարակության հարգված անդամ , որի արդյունքում նրա խոսքը որոշ երեխաների համար կարող է այլևս կարևոր չլինել, այն պահից, երբ «տղամարդը»  թքեց ուսուցչի դեմքին, իսկ շատերը գոռացին. «ճի՜շտ արեց»:

Հեռուստատեսությամբ հնչեց կարծիք, որ մեր ժամանակակից մանկավարժությունը հետ է մնում հոգեբանությունից: Շա՜տ լուրջ մեղադրական: Չեմ վիճում, միգուցե ճիշտ է: Իսկ ու՞ր են մեր դպրոցների հոգեբանները, ու՞ր են դպրոցի սոցիոլոգները: Չէ՞ որ ամեն դպրոց պիտի ունենա և’ հոգեբան, և’ սոցիոլոգ: Չէ՞ որ ուսուցիչը չի կարող միաժամանակ և’ ուսուցիչ լինել, և’ հսկիչ, և’ հաշվարկ անող, և’ հոգեբան , և’ ոստիկան: Ճիշտ է, ցանկացած ուսուցիչ  միաժամանակ հոգեբան է, բայց չէ որ կան երեխաներ, որոնց պետք է շատ լուրջ, անհատական հոգեբանական մոտեցում, որը ուսուցիչը և’ ժամային սահմանափակման պատճառով, և’ մասնագիտական տեսանկյունից միգուցե ի վիճակի չէ լիարժեք իրականացնել:

Եվ վերջում, հարգելիներս, դա մասնավոր դեպք էր, հիմարություն է դրա վրա հենվելով դպրոցը գետնին հավասարեցնել: Միգուցե վատն է մեր ներկայիս կրթական համակարգը, բայց ոչ դպրոցը: Հավատացնում եմ, մենք ունենք փայլուն սերունդ, խելացի, համարձակ, վերլուծություններ անելու ավելի ունակ, քան ավագ սերունդը, իր կարծիքը անկաշկանդ արտահատելուց չվախեցող և լայն աշխարհայաց ունեցող սերունդ: Միայն պետք է մենք, ավագ սերունդի ներկայացուցիչներս, նրանց չկործանենք ամենուր քարոզվող ագրեսիայով, այլասերվածությամբ ,«ազատության» դեգրադացված  տարբերակ չսերմանենք նրանց մեջ, այլ փորձենք օգնել նրանց ինքնահաստատվել, իրենց գտնել կյանքում, ճիշտ խորհուրդներով թույլ չտանք ,որ իրենց համար կործանարար սխալներ գործեն: Այ սա կլինի մեր օգնությունը, մնացածը ինքը, նոր սերունդը կանի: