Հայաստանը ինչպես հարկն է չի գովազդվում, իսկ դա տանում է նրան, որ մեր հաշվին իրենց գովազդում են մեր հարևան երկրները


Արդեն խոսել եմ, թե որքան կարևոր ճյուղ կարող է լինել տուրիզմը ՀՀ տնտեսության ոչ արտադրական ոլորտի համար, եթե դրա զարգացման ուղղությամբ տարվեն ոչ այնքան բարդ կիրառելի միջոցառումներ: Մասնավորապես  նշել էի, որ Հայաստանը տուրիստական հետաքրքրության առումով գրեթե չի գովազդվում: Հաճախ նույնիսկ մենք՝ հայերս, մեր իսկ հեռուստաընկերություններով չենք տեսնում մեր՝ հայերիս մասին պատմող հաղորդումներ: Մեծ զարմանքով և ոգևորությամբ դիտեցի ռուսական ալիքներից մեկի պատրաստած փոքրիկ հոլովակը, որը պատմում էր հայկական արագիլների մասին: Զարմանալի է, նման հոլովակի հազիվ թե ականատես լինես մեր հեռուստաընկերություններից մեկի եթերում: Կասենք՝ դե արագիլ է էլի , ինչ կա պատմելու, ամբողջ օրը աչքներիս առաջ: Բայց պարզվում է, որ եթե մեզ համար օրինակ արագիլը իրենից այնքան էլ մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, ապա դա կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել ենթադրենք ճապոնացիների համար: Ուստի պետք է պատմել, գովազդել հայկական արագիլը, որպեսզի ճապոնացին գովազդը տեսնի, գա հասնի մեր Սուրենավան գյուղ և զմայլվի մեր արագիլներով:

Գիտեմ, որ հիմա մտածում եք ի՞նչ արագիլի հեքիաթներ եմ պատմում :ճ Չէ, դա իրականում նախաբան էր..  Հա, արդեն ասացի՝  Հայաստանը ինչպես հարկն է չի գովազդվում, իսկ դա տանում է նրան, որ մեր հաշվին իրենց գովազդում են մեր հարևան երկրները: Հիմա պատմեմ թե ինչպես. գոյություն ունի մի շատ հետաքրքիր և իմ կողմից շատ սիրված հեռուստաալիք՝  travel tv: Այս հեռուստաալիքով մշտապես ցուցադրվում են տարբեր երկրներ, պատմվում է զանազան ժողովուրդների սովորույթների, ավանդույթների, մինչև իսկ խոհանոցի մասին: Ահա երբ մի օր հերթական անգամ դիտում էի  travel tv, սկսվեց հաղորդում մեր արևմտյան հարևանի՝ Թուրքիայի մասին: Դե իհարկե.. սկսեցին ներկայացնել Արևմտյան Հայաստանը՝ որպես Թուրքական մշակույթի մեծ թանգարան, և բնականաբար, ոչ մի խոսք հայերի ու Հայաստանի մասին: Հաղորդավարուհին Ախթամար կղզու գեղատեսիլ բնությունից հմայված՝ սկսեց պատմել, որ այդ կղզին՝ Ագդամարը, թուրքական զարգացած քաղաքակրթության և մշակույթի ամենահնագույն վկաներից մեկն է, հետո սկսեց նույն հիացմունքով խոսել հայկական քաղաքներից, դարձյալ ոչ մի խոսք հայերի մասին: Հաղորդավարուհին ենթադրում եմ իսպանուհի էր: Մեղադրե՞լ նրան պատմական փաստերը խեղաթյուրելու մեջ. չեմ համարձակվում: Մարդը իր գործն է անում, տեքստը գրել են, տվել են, մարդն էլ գովազդում է այն երկիրը, որն իրեն վճարել է: Դե այդ երկիրը գիտակցում է երևի, որքան կարևոր է իր համար տուրիզմի խթանումը..

Հաջորդ օրը ռեպորտաժ է Վրաստանի մասին: Խոսվում է վրացական աննկարագրելի հյուրասիրության և խոհանոցի մասին ու սկսում ներկայացնել վրացական գինեգործությունը. նշվում է, որ Վրաստանը համարվում է գինեգործության հայրենիքը.. Ու ամենևին էլ կարևոր չի, գիտի՞ հաղորդավարուհին, որ հենց Հայաստանն է հավակնում համարվելու գինեգործության հայրենիք (տես՝ այստեղ), որ հենց այստեղ են հայտնաբերվել աշխարհի ամենահին գինու կարասները.. Մարդը իր գործն է անում, վճարել է երկիրը՝ ներկայացնում է Վրաստանը, ինչու՞ պիտի նշի, որ խաղողագործության հայրենիք կոչվելուն հավասարապես հավակնում են և Վրաստանը, և Հայաստանը (վերջին ուսումնասիրություններից հետո՝ գլխավորապես Հայաստանը):

Որոշ ժամանակ անց՝ հաղորդում է Ադրբեջանի մասին: Դե կարծում եմ բոլորդ եք տեղյակ, թե ուր է հասնում ազերիների ֆանտազիան. մինչև այնտեղ, որ ադրբեջանցիները աշխարհի ամենահնագույն ազգերից  են, իսկ Ադրբեջանն էլ քաղաքակրթության հնագույն բնօրրաններից մեկը: Երկար-բարակ միֆերից հետո սկսում է ներկայացվել ադրբեջանական մշակույթը, և.. ցուցադրվում են հայկական կարպետներ՝ զանազան հայկական զարդանախշերով.. Մեղադրե՞լ հաղորդավարուհուն.. դարձյալ չեմ համարձակվում: Միգուցե նա չգիտի՞, որ գոյություն ունի մի երկիր, Հայաստան անունով, որի ունեցած -չունեցածն էլ ներկայացնում են իր հարևանները, որովհետև այդ ամենի լիիրավ տերը՝ Հայաստանը, ինքն այնքան էլ չի գնահատում իր ունեցած-չունեցածը, հաճախ ինքն էլ չգիտի ինչի տեր է, որովհետև նույնիսկ իր՝ հայի համար չի ցուցադրվում իր մշակույթը, իր հարստությունը..  Չէ՞ որ նա ունի Քարահունջ (ամենահին աստղադիտարանը), Էջմիածնի Մայր տաճար (առաջին քրիստոնեական եկեղեցին. 301թ), Գառնու հեթանոսական տաճարը (միակ պահպանվածը), ունի Խոր Վիրապ, Հաղարծին, Գոշավանք, Ամբերդ.. Գովազդել է պետք:

Հայաստանը ինչպես հարկն է չի գովազդվում, իսկ դա տանում է նրան, որ մեր հաշվին իրենց գովազդում են մեր հարևան երկրները: 2 комментария

  1. Այո, գովազդի պակաս կա, բայց այլ խնդիրներ էլ կան։ Օրինակ աշխատել ստեղծել ավելի էժան ավիատոմսեր, համեմատաբար էժան հյուրանոցներ և տուրիստական ծրագրեր։ Գիտեմ մարդիկ, ովքեր մի քանի տարի ծրագրել են Հայաստան գալ, բայց հրաժարվել այ թանկության պատճառով։

    Մեկ էլ, պետք է մտածել, թե որ ուղղությամբ ենք զարգացնում զբոսաշրջությունը։ Օրինակ իրանցիների համար ինքնաթիռի տոմսը խնդիր չէ. կարծում եմ, որ ցանկության դեպքում Իրանը մեզ համար կարող է դառնալ զբոսաշրջային «բումի» աղբյուր։

Оставьте комментарий